«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը: Նշվում է, որ ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը։ Այդ նպատակով համապատասխան լրացումներ են կատարվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում, որոնց նպատակն է ՆԳՆ կրթահամալիրում ներդնել քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։

Դրանից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու բազային կրթության արդյունքներով կոնկրետ պաշտոնում նշանակվելուց հետո ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք՝ քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը։ Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը։ Ուստի կրթական այս ծրագրի ներդրման համար անհրաժեշտ է համարվում փոփոխություն կատարել կառավարության նշյալ որոշման մեջ և սահմանել նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր՝ «Քրեական ոստիկան» որակավորումը և այդ կրթական ծրագրով ուսման տևողությունը:
Այսպիսով՝ իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության՝ առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի ներդրումը: Այս նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում: