Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վերջին ագրեսիային, որի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Կառավարության հերթական նիստին վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահ։

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։

Նա հիշեցրեց, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունից հետո Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել և, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ։

«Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում և դրա հիմնավորումները բազմաթիվ են։

Օրինակ՝ դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ սահմանազատման հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածության համաձայն ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն, իսկ Ադրբեջանը՝ ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը։ Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- եզրափակեց Փաշինյանը։