ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել' ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:
Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին' որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց' սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում' հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:
Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»»: