Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան' միանգամից վեց անգամ: Սա այն դեպքում, երբ դեպի այդ երկիր հայկական ապրանք չի արտահանվում։ Թուրքիան բարձր՝ 1000 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ, որի հետեւանքով ցանկացած ապրանք թանկանում է մոտ 10 անգամ եւ անմրցունակ դառնում թուրքական շուկայում։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը համարժեք միջոցառումներ չի կիրառում եւ սահմանափակում թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Ըստ էության, Փաշինյանի կառավարության նման լոյալությունը թուրքական ապրանքների էքսպանսիայի հանդեպ պետք է դիտարկել Հայաստանը թրքացնելու վերջինիս ծրագրի համատեքստում: Եթե Փաշինյանը պատրաստ է Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հրաժարվել հայ ազգային ինքնությունից և սիմվոլիկայից, ի դեմս՝ Արարատի, ապա ինչու պետք է խոչընդոտի Հայաստանի բաթումիզացիային, երբ տարածքները ոչ թե պատերազմով են գրավվում, այլ կապիտալի միջոցով: Գաղտնիք չէ, որ ներկայումս Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողն է։ Դա արտահայտվում է հատկապես Աջարիայում։ Այնտեղ արդեն կան փողոցներ, որտեղ արդեն գրեթե ոչ ոք վրացերեն չի խոսում։ Վրացի փորձագետ Բադրի Նաչկեբիան ամիսներ առաջ ահազանգում էր, որ մարզի բնակչության մի մասն իսլամ է ընդունել, և որ ինտեգրացված բիզնեսն անչափ մտահոգիչ է:

Կասկածից վեր է, որ թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի հեղեղված լինելը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է։ Ներմուծելով և գնելով թուրքական արտադրության ապրանքները՝ առաջինը՝ խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությանը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն, երկրորդը՝ վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողություններն այդ ապրանքների միջոցով, երրորդը՝ դժվարություններ ենք ստեղծում այն ապրանքների արտադրության ստեղծման եւ զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են, այսինքն՝ հարվածում ենք տեղական արտադրողին և ավել գումարներ վճարում Թուրքիայի բյուջե: Դիցուք՝ Հայաստանը մեծ քանակությամբ լոլիկ է ներկրում Թուրքիայից, որտեղ ապրանքի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դրան նպաստում են կլիման, էներգակիրների էժանությունը, պետական սուբսիդավորումները, արտադրական մեծ ծավալները։ Բացի այդ, Թուրքիայի տեղական արտադրողները պետությունից աջակցություն են ստանում արտահանման սուբսիդավորման տեսքով։ Արդյունքում՝ ապրանքները, որոնք հասնում են Հայաստան ու վաճառվում այստեղ, տեղական արտադրողի՝ շահույթ ստանալու բոլոր հույսերը կոտրում են:

Քայլերը, որոնք վերջին շրջանում անում է Փաշինյանը, ակնհայտորեն միտված են Հայաստանի թրքացմանը՝ դպրոցական դասագրքերում հայկական տեղանունները թուրքականով փոխարինելուց մինչև Արարատի դեմ ծավալված պատերազմ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար սահմանադրական հիմքերի ստեղծում և թուրքական կապիտալի և ապրանքների էքսպանսիայի արտոնում: Ավելորդ է ասել, թե ինչ հետևանքներ այս քայլերը կարող են ունենալ Հայաստանի անվտանգության և տնտեսության համար․ ըստ էության, երկու համակարգերն էլ կանգնելու են կոլապսի ենթարկվելու վտանգի առջև...