Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն հորդորել են ԱԺ ներկայացված օրենքի նախագծի շրջանակում շահումով խաղերին մասնակցելու սահմանափակում նախատեսել նաև զինծառայողների և իրավապահ համակարգի աշխատակիցների համար:
Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
«Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են մեզ և խնդրել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում անպայման սահմանափակող միջոցառումների շրջանակն ընդլայնել և սահմանափակումներ նախատեսել նաև զինծառայողների, միգուցե նաև իրավապահ համակարգի աշխատակիցների համար, որտեղ խաղամոլության տարածումը ևս բավական բացասական հետևանքների կարող է հանգեցնել»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Խորհրդարան ներկայացված նախագծով նախատեսվում է սահմանափակել մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին: