ՀԱԿ կուսակցության ստեղծումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց լուծել այն անախորժությունների հարցը, որ այս կամ այն քաղաքական առիթով ծագում էր ՀԱԿ դաշինքի գործունեության ընթացքում: Կուսակցությունը պետք է ավելի մոնոլիտ դարձներ քաղաքական կառույցը եւ դյուրացներ կառավարումը:
Բայց, ինչպես երեւում է, անախորժությունները ոչ միայն չեն վերանում, այլ նույնիսկ ավելանում են: ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի օրը հայտարարություն էր տարածել ՀԱԿ դաշինքի անդամ, Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբի եւՄարդու Իրավունքներ 96 կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ասելով, որ ՀԱԿԿ հիմնադիր համագումարը հակասում է Կուսակցությունների մասին օրենքին:
Մի քանի օր անց, ՀԱԿ դաշինքի վերականգնման մասին է հայտարարվել: ՀԱԿ դաշինքը նախկինում որդեգրած նպատակները, այն է' ժողովրդին իշխանությունը վերադարձնելն ու սահմանադրական կարգը վերականգնելը, չի կատարել, այժմ ցանկանում են միասնաբար հասնել դրան, հայտարարել է ՀԱԿ դաշինքում մնացած Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
ՀԱԿ դաշինքի աշխատանքը վերսկսող կուսակցությունները, որոնք դուրս չեն եկել դաշինքի կազմից, հայտարարել են, որ նաեւ բարձրացնելու են ԱԺ-ում դաշինքի խմբակցության հարցը: Խմբակցությունն ունի յոթ անդամ, որի կեսից ավելին դուրս են եկել ՀԱԿ դաշինքից եւ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության անդամ են, որն էլ ստեղծվել է ՀՀՇ հիմքի վրա եւ հանդիսանում է դրա իրավահաջորդը:
«Չկա դաշինք, չկան խնդիրներ» տարբերակը, որով փորձեց իրավիճակը հանգուցալուծել Տեր-Պետրոսյանը, կարծես թե բախվում է խնդիրների: Փաստորեն, ստացվում է, որ դաշինքը կա, իսկ խնդիրներն էլ ավելանում են: Բացի այդ, խնդիրներ կան նաեւ ՀԱԿ կուսակցության մեջ. նրան ոչ մի կերպ չի հաջողվում «անցկացնել» իր ժառանգորդ Լեւոն Զուրաբյանին, բացի այդ էլ՝ վարչության ընտրություն չի եղել, որովհետեւ այն կարող էր տապալվել ներքին խոր տարաձայնությունների պատճառով:
Թե ինչպես կլուծի դրանք Տեր-Պետրոսյանը, դեռ պարզ չէ: Փաստարկը, թե մնացած կուսակցությունները կարող են տեղավորվել մեկ երթուղայինի մեջ, մեղմ ասած անազնիվ կլինի, քանի որ մինչ այդ, քանի դեռ ՀԱԿ-ը դաշինք էր՝ «ամենամեծն ու ամենատեւականը» Հայաստանի պատմության ընթացքում, Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը կուսակցությունների թվաքանակի մասին խոսելիս՝ 18 կուսակցություն, չէին ասում, թե դրանց կեսից ավելին հենց այդ նույն մեկ երթուղայինի մեջ տեղավորվող կուսակցություններն են:
Հետեւաբար, երբ նրանք քեզ հետ են՝ նրանց կարեւորելը, իսկ երբ նրանք այլ կերպ են գործում՝ նրանց նսեմացնելը, չի կարող համարվել ազնիվ փաստարկ, կամ քաղաքական փաստարկ, ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը: Առավել եւս, որ ՀԱԿ դաշինքը պահել ցանկացող ուժերը խնդիրներ են բարձրացնում նաեւ իրավական հարթության վրա:
Նրանց կարելի է մեղադրել օրինակ իշխանության պատվերը կատարելու համար, բայց այդ դեպքում կստացվի, որ ՀԱԿ-ը իշխանության պատվերով էր զբաղված ամենասկզբից՝ ստեղծման օրից, քանի որ մնացող կուսակցությունները կարծես թե շարունակում են այն, ինչը սկսել են 2008 թվականի օգոստոսի 1-ին, Տեր-Պետրոսյանն ու շրջապատն են, որ այլ գործընթաց են սկսել՝ այլ տրամաբանությամբ եւ այլ ընթացակարգով:
Լեւոն Տեր-Պետրոսյանին իհարկե այդպիսի վիճակներով չես վախեցնի: Նա բավական փորձառու գործիչ է եւ հմուտ հռետոր, այդպիսի իրավիճակներում պատասխան գտնելու համար:
Բայց, կարծես թե փաստ է, որ եթե ակտիվ քաղաքականություն իր վերադարձից հետո Տեր-Պետրոսյանն իր հմտությունը, փորձը, ջանքն ու եռանդն ուղղում էր իշխող համակարգի կազմաքանդմանը եւ հանրության շրջանում քաղաքացիական իրավագիտակցության ձեւավորմանը՝ անկախ, թե ինչ բուն շարժառիթներով եւ մտադրությամբ, ապա վերջին շրջանում նա այդ ամենը ստիպված է ուղղել իր իսկ խոսքերի կամ քայլերի հետեւանք թակարդներից դուրս գալու համար: Ու որքան արագ է Տեր-Պետրոսյանը դուրս գալիս մի թակարդից, այնքան խորն է հայտնվում մեկ այլ թակարդում: