Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա կարող է պատերազմ սկսվել։  Մասնավորապես, Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ «շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք»։ «Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։

 

 
 

Ուշագրավը, սակայն, այն է, որ ընդամենն օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակն էր պնդում և երդվում էր, որ Տավուշի գյուղերը հանձնելու հարց երբեք չի քննարկել և չի էլ պատրաստվում քննարկել:

Կա՛մ ՀՀ վարչապետը տառապում է անձի երկվությամբ, կա՛մ պարզապես հերթական անգամ բացահայտ մանիպուլյացիայի է դիմում՝ սկզբում փափուկ բարձ դնելով հանրության գլխի տակ, իսկ այնուհետև կանգնեցնելով փաստի առջև: Ինչպե՞ս ստացվեց, որ ժողովրդին խաղաղություն խոստացողն այսօր հայտարարում է, որ եթե չգնանք նոր զիջումների, ապա մեկ շաբաթից պատերազմ է սկսվելու: Չի՞ նշանակում սա արդյոք այն, ինչի մասին այսօր ակնարկել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրելով․ «Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը»: Եվ իրականում, չէ՞ որ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը, որը փակվեց դեռ չբացված, ամբողջովին իրականացվում էր հենց Արևմուտքի քավորությամբ: Մինչդեռ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը մերժում է Փաշինյանի բոլոր առաջարկները և փոխարենը՝ առաջ քաշում նորանոր պահանջներ և ամենավատն այս պատմության մեջ այն է, որ ինքը՝ վարչապետն է հայտարարում, որ չունի որևէ երաշխիք, որ անգամ ամեն զիջելուց հետո նոր պատերազմ չի սկսվելու: Ահա թե ուր է հասցնում արտաքին քաղաքականության մեջ դրսևորած դիլետանտիզմը և արտաքին ուժերի դուդուկի տակ պարելը՝ ի վնաս սեփական երկրի և ժողովրդի շահերի...