«Իրավունք» թերթը գրում է. «Ազատության հրապարակում կայացավ արցախցիների առաջին հանրահավաքը Արցախի հանձնումից հետո: Հանրահավաքի բովանդակությունը սոցիալական էր, պահանջը' այն, որ վերանայվի ՀՀ կառավարության կողմից քննարկվող' Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը:
Ըստ արցախցիների' այն չի արտացոլում իրենց հավաքական շահերն ու նպատակները: Հենց այս բովանդակությունից էլ մի շարք արցախցիներ վրդովված էին, հենց հանրահավաքին եկածներից շատերը պնդում էին, որ ապարդյուն է շարունակել ՀՀ կառավարության հետ երկխոսությունը, իսկ պահանջները փաթեթավորել «ապաքաղաքական» անվան տակ:
Իսկ թե ինչով էր պայմանավորված, որ հրապարակում բոլորովին էլ քիչ չէին, «Իրավունքի» հետ մասնավոր զրույցներում շատերն անկեղծացան, որ ավելի շատ եկել էին' միմյանց տեսնելու, քան թե հարթակում ելույթ ունեցողներին լսելու»: