Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ «Կրոկուս Սիթի Հոլլի վրա» հարձակում գործելու մեղադրանքով երկու ամսով կալանավորվել են Ֆարիդունի Շամսիդինը, Դալերժոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան և Մուհամադսաբիր Ֆայզովը, գրում է Gazeta-ն։
Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է, ունի ութ ամսական երեխա։ Աշխատել է՝ որպես բանվոր Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Հարցաքննության առաջին տեսանյութերում Շամսիդինն ասում է, որ ինչ-որ «քարոզչի օգնական» իրեն վճարել է 500 հազար ռուբլի «սպանություն կատարելու» դիմաց։ Նրա խոսքով՝ զենքերը ստացել է այն մարդկանցից, ովքեր կապ են հաստատել իր հետ Telegram-ի միջոցով, իսկ ահաբեկչությանը պատրաստվել է մեկ ամիս։
Դալերժոն Միրզոևը 32 տարեկան է, չորս երեխաների հայր։ Նա բազմիցս խախտել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունը և 2011 թվականից գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում։ Աշխատել կամ պլանավորել է աշխատել՝ որպես տաքսու վարորդ։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Միրզոևին անվանել է հարձակվողների «առաջնորդը»։
Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, ամուսնացած է, ունի երեխա։ Թերի միջնակարգ կրթություն ունի, գործազուրկ է։ Նա չի հիշում, թե Ռուսաստանում որտեղ է գրանցվել։ Նշում է՝ «հավանաբար Պոդոլսկում»։ Ձերբակալության ժամանակ նրա ականջի մի մասը կտրել են։
Մուհամադսաբիր Ֆայզովը 19 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Ունի միջնակարգ կրթություն։ Նախկինում աշխատել է Իվանովոյի վարսավիրանոցում, որտեղ գրանցվել է։
Ձերբակալության ժամանակ Բալը վիրավորվել է և կորցրել աչքը։ Նրան բժշկի ուղեկցությամբ դատարան են բերել շտապօգնության մեքենայով՝ վերակենդանացման բաժանմունքից, և անվասայլակով բերել են դատարանի դահլիճ։ Ըստ քննիչների՝ Ֆայզովը նկարահանել է հարձակումը և վարել է այն ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին գրոհայինները։