Հայաստանի չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի գնալ՝ առանց իրավական հիմքերի:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ անդրադառնալով ընդդիմությունից հնչող մտահոգությանը, թե Հայաստանի իշխանությունը կարող է առանց իրավական հիմքերը հստակեցնելու Տավուշի հատվածում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց սկսել, անգամ զիջումների գնալ:
«Չի կարող լինել գործընթաց առանց իրավական հիմքերի: Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք»,–ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են՝ ելնելով իրավական հիմքերից, դրա համար գործընթացները դանդաղ են գնում: «Ցանկացած քարտեզ, ցանկացած միլիմետր պետք է ունենա իրավական հիմք: Առանց սրա մենք առաջ չենք շարժվելու»,–նշեց պատգամավորը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ բազմաթիվ իրավական հիմքերի մասին խոսվել է. «Խորհրդային Միության փլուզումից հետո ի՞նչ սահմաններով անջատվեցին միութենական պետությունները, ադմինիստրատիվ սահմանները որտե՞ղ էին: Իրավական արձանագրում կար: Բայց հետո պարզվեց, որ այդ իրավական արձանագրումները դեռ ճշտումների խնդիր ունեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովները հենց դրա համար են ստեղծված, այդ խնդիրները պետք է լուծվեն:
Քոչարյանը շեշտեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի նպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն է: