Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը չի մասնակցի այսօր Ոսկեպարում տեղի ունեցող բնակիչների հետ Փաշինյանի հանդիպմանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Տավուշի թեմից, նշելով, որ սրբազանը րոպեներ առաջ է իմացել Ոսկեպար Փաշինյանի ժամանման մասին։ Այդուհանդերձ սրբազանը կմասնակցի՞ Տավուշից 4 գյուղերի հանձնման մասին Փաշինյանի այսօրվա հանդիմանը Լիդիա Մանթաշյանն ասաց․
«Մենք չպիտի իր օրակարգով շարվենք»,- կարճ ու չոր արձագանքեց նա։
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև ոսկեպարցիների հետ, նրանք հաստատեցին, որ իրենք էլ չեն իմացել հանդիպման մասին։ Ուստի չի բացառվում, որ հանդիպումը կազմակերպվել է Տավուշի մարզպետարանի կողմից՝ իշխանության համար կանխատեսելի մարդկանց միջոցով։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղեւորվել է Ոսկեպար' խոստացված եւ ուշացած հանդիպումը հանձնվող գյուղերի բնակիչների հետ ֆորմալ կայացնելու համար։ Ըստ մեր աղբյուրի՝ Ոսկեպարում դիմադրություն է սպասվում, չնայած նման դեպքերում ԱԱԾ-ն նախապես հատուկ օպերներով է օր առաջ այցը նախապատրաստում' վարչապետի համար անախորժ եւ ռիսկային հնարավոր դրվագներից խուսափելու համար։
Հանդիպման և արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ։