2018 թվականի հեղափոխության ընթացքում քչերը կարող էին մտածել, որ հեղափոխությունից վեց տարի անց այս իշխանություններն արժանանալու են հանրային պարսավանքի ամենաբարձր մակարդակին: Ժողովրդի ծոցից ելածներն այսօր իրապես մերժված են հենց շարքային քաղաքացիների կողմից և դա ապացուցող դրվագներն ավելի քան շատ են: Դիցուք՝ 2021 թվականին Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանին ընդունեցին բողոքի ակցիաներով, սուլոցներով և արդեն համացանցի մեմ դարձած «սյունյաց ողջույններով»:

 

Կամ հիշենք, թե ինչպես Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ինչից հետո իշխանության կողմնակիցների կողմից սպառնալիքների հեղեղ սկսվեց հոգևոր հոր հանդեպ։

 

Ամիսներ առաջ միջադեպ էր գրանցվել Եռաբլուրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն այցելել էին Եռաբլուր, սակայն «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները թույլ չէին տվել պատգամավորներին մտնել տարածք: Նրանք հրել էին պատգամավորներին, հայհոյել, իսկ քաղաքացիներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանին:  Աղազարյանին «Եռաբլուրում» ապտակելու համար Արմեն Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը, այնուհետև կալանավորվել էր:

3 տարի առաջ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ձվերով հարվածել էին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

Շենգավթի վարչական շրջանում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքի վերեւի հարկերից ջուր էր շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:

 

Մեկ այլ դրվագ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։

Մեկ այլ օրինակ: ԿԳՄՍ Նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ այն ժամանակ դեռ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին էին հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների:

Մեկ տարի առաջ  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքվել էին զոհված զինծառայողների հարազատները և բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ սատարելու հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին: Այդ ընթացքում դատարանի տարածքում էին նաև ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը, որոնք եկել էին պանթեոն՝ վերջին հրաժեշտը տալու Ալբերտ Ազարյանին: Ծնողները նրանց տեսնելով սկսեցին սուլել և բղավել «թուրք»:

Արմավիրի մարզի խաղողագործների հետ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին խաբելու համար մեդալներ էին պատրաստել:  «Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը, ինչին միջամտեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։Գյուղացիները բորբոքվեցին և լքեցին դահլիճը։

Դավաճան վանկարկումներով ցուցարարները ձվահարել էին նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչից հետո պատգամավորը բռունցքներով հարձակվել էր ակցիայի մասնակիցների վրա:

Դրանից առաջ էլ շուռնուխցիներն էին ձվերով հարվածել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը։

2023-ին տարածվեց տեղեկություն, որ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Վերջինիս առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով դատարանի որոշմամբ կալանավորվեց, այնուհետև ազատ արձակվեց:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում հանրային պարսավանքի էր արժանացել նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին քաղաքացիները չեն թողել ծաղիկներ խոնարհել Եռաբլուրում՝ ամոթանք հայտնելով վերջինիս։

«Դավաճան, դավաճան» վանկարկումներով էլ քաղաքացիները դիմավորել են Երևանում քայլող ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին։

Զոհված զինծառայողների հարազատները ջուր էին լցրել քպական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի մեքենայի վրա։

Եվ ամենաթարմ դեպքը: Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնի: Այդ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին ոչ միայն կալանավորել են, այլ վերջինիս փաստաբանների խոսքերով՝ նվաստացրել և ծեծի ենթարկել:

Ակնհայտ է, որ ինչ էլ ժողովուրդն ասի նախկին իշխանությունների մասին, վերջիններիս երբեք հայասպան, հող հանձնող և դավաճան չեն պիտակավորել, իսկ սա արդեն իսկ հարցեր է առաջացնում հեղափոխական թիմի ներկայացուցիչներին: Ինչպես կարելի էր հեղափոխել ամեն բան այնպես, որ շարքային քաղաքացիների համբերությունը սպառվի այն աստիճան, որը կարող եք տեսնել վերը բերված օրինակներում: Եվ դեռ քաղաքացիներն էլ պատժվում են՝ տուգանվում, կալանավորվում: Ի դեպ, ուշագրավ է, որ նախկին իշխանությունների օրոք այն ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանն ու նրա թիմակիցներն ավելի տգեղ ակցիաներով են աչքի ընկել, հիշենք՝ դատարկ դագաղներով և սև լենտերով ակցիաները, սակայն նրանցից և ոչ մեկը չպատժվեց նման արարքի համար, էլ չենք խոսում՝ կալանավորվելու և այդ ընթացքում կտտանքների ենթարկվելու մասին: