ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «2024 թվականի հունիսի 10-ին' ժամը 14:20-ին «Ալավերդու ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջային պատի և վերջույթների հրազենային բազմաթիվ անցքեր» ախտորոշմամբ նույն օրը' ժամը 13:45-ին, բուժօգնության է դիմել Ալավերդի համայնքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի 43-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ տուժողը նշված մարմնական վնասվածքները ստացել է համաքաղաքացու հետ վիճաբանության ժամանակ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, 43-ամյա տղամարդու ուղղությամբ կրակոցներ արձակած, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը՝ 2024 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի «Երեմի աղբյուր» կոչվող տեղանքի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ալավերդի քաղաքի 42-ամյա բնակչի և նույն քաղաքի՝ ազգակցական կապ ունեցող երկու բնակիչների միջև։ Դրանից հետո, տեղի ունեցածի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, 42-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ հունիս 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի մոտ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից՝ քննության տվյալներով, «Մակարով» տեսակի ատրճանակից, դեպքի վայրում տվյալ պահին գտնվող ականատեսների ներկայությամբ, կրակոցներ է արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճ և գնդակներ, վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, մարմնից հանված գնդակը, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից անվտանգության տեսանկարահանող սարքի՝ դեպքը ֆիքսած տեսագրությունը, ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Դեպքից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ 42-ամյա տղամարդն ընկերոջ հետ դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու համար նշված անձին հայտնաբերելու և ձերբակալելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:»