Գործընկերներին ինքնապաշտպանության համար զենք ու զինամթերք տրամադրելը նորմալ է։ Այս մասին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարումների մասին ադրբեջանցի լրագրողի հարցը։
«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ պետության կողմից, և ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի ծրագիր ուներ», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ինչպես նշել է Մակրոնը, վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։
«Եթե նայեք, վերջին տասնամյակում Ադրբեջանը կարծես թե շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը, և եթե հիշողությունս չի դավաճանում (ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), 2020 թվականին սարսափելի պատերազմն սկսել է Ադրբեջանը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ եթե Երևանն ու Բաքուն ավարտին հասցնեն հաշտության պայմանագրի նախապատրաստումը, Փարիզը կաջակցի դրան։
«Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի հետ համագործակցությունը միջազգային պրակտիկայում միանգամայն նորմալ երևույթ է, իսկ Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ, մենք կաջակցենք դրան»,- եզրափակել է Մակրոնը։
Ավելի վաղ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո կողմերը ստորագրել են ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման պայմանագիր։ Լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ խոսքը 36 հրետանային կայանքի մասին է։