Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից, ասենք,»,- պարզաբանել է նա Առաջին ալիքին տված մեկնաբանությունում։

Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակների համար որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։