«Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերևա միայն ապագայում: Ափսոս, իհարկե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել՝ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով»,- իր ղեկավարին նման գնահատական էր տվել վերջինիս մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը՝ 3 տարվա համատեղ շփումների վերջնահաշվարկում:
Այն, որ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետն իսկապես հիմնականում «վատնվեց» նախագահական ընտրությունների ու ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելով, ակնհայտ է ՀՀ յուրաքանչյուր շարքային քաղաքացու: Ակնհայտ է և այն, որ նույն այդ քաղաքացիներին մի փոքր դժվար է դեռևս համոզել՝ Սերժ Սարգսյանն իրավամբ «բացառիկ պետական գործիչ» է: Այլ հարց է, որ Սարգսյանն, ըստ էության, ունի բոլոր շանսերը՝ նախագահության գոնե երկրորդ ժամկետում իրեն դրսևորել հենց որպես բացառիկ պետական գործիչ. մի բան է՝ լինել երկրի ղեկավար, հմտորեն կառավարել երկիրը, լուծել ծագող մեծ ու փոքր խնդիրները, մեկ այլ բան՝ մնալ պատմության մեջ որպես «բացառիկ պետական գործիչ», մոտավորապես՝ Նապոլեոնի, Հենրիխ 4-րդի, Ստալինի և այլոց շարքում տեղ զբաղեցնելով:
Մեծ տերությունների ղեկավարները նման գնահատականի արժանանում են՝ իրենց ղեկավարած պետությունների մասշտաբներին համապատասխան խնդիրներ լուծելով, փոքր պետությունների ղեկավարները՝ իրենց: Այս առումով, նախագահ Սարգսյանի շանսերը, երևի թե, քիչ չեն՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաբնույթ խնդիրների բացառիկ լուծումներն են, որ կարող են նման շանս ընձեռել:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցը լրանալու է հենց Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Եթե նախագահին հաջողվի հասնել…, եթե հաջողվի համատեղել բոլոր ռեսուրսները, ճիշտ քաղաքականություն վարել ու մի նոր որակի հասնել ցեղասպանության ճանաչման գործընթացում՝ Հայաստանի Հանրապետության համար շոշափելի արդյունքներ ամրագրելով…
Նախադրյալները կարծես թե սկսում են նշմարվել…
Ապրիլի 23-ին ավանդաբար կազմակերպվող «ջահերով երթին» մասնակցելու կոչ այս տարի տարածեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ջահերով երթը», ինչպես հայտնի է, ՀՅԴ երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների «միջոցառումն է»: Վերկուսակցական համանման «ջահերով երթ» կազմակերպվել էր մեկ էլ՝ ցեղասպանության 90-ամյա տարելիցին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որքան էլ փորձ է արվում ներկայացնել որպես ապաքաղաքական, ուղղակի երիտասարդության խնդիրներով զբաղվող կառույց, այնուամենայնիվ հիմնականում ընկալվում է որպես ՀՀԿ շահերը սպասարկող կազմակերպություն, որի համակարգող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը համատեղության կարգով համակարգում է նաև ՀՀԿ երիտասարդական թևը: Միանշանակ է, որ Դաշնակցության «ջահերով երթին» միանալու կոչը եթե ո՛չ իջել, ապա գոնե հավանության է արժանացել ՀՀԿ ղեկավարության շարքերում: Եթե չասենք, թե կարող է ուղղակի թելադրված լինել վերևից, հատկապես՝ եթե հաշվի ենք առնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի նախագահը դարձյալ Հանրապետության նախագահն է:
Վերջին շրջանում հաճախացել էին նաև Սփյուռքի նախարարի հնարավոր փոփոխության հետ կապված խոսակցությունները: Մինչև նախագահական ընտրությունները շրջանառվում էր այն վարկածը, թե պորտֆելը կարող է տրվել Դաշնակցությանը՝ անգամ սփյուռքահայերից մեկի անունն էր շրջանառվում՝ դարձյալ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ սփյուռքի կառույցներն ինչպես հարկն է ոտքի հանելու և համընդհանուր գործի լծելու նպատակով: Հնարավոր դիտարկվեց նաև Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի նշանակումը, ինչը ևս խոսում էր ընդամենը մի բանի մասին, որ Սփյուռքի նախարարության առջև նոր գերխնդիր է դրված՝ 100-ամյակին ընդառաջ լծվել ցեղասպանության ճանաչման գործին: Հետո, թեև պարզվեց, որ Հրանուշ Հակոբյանը մեր կառավարության մնայուն արժեքների մեջ ամենամնայուններից մեկն է, սակայն կարելի է չկասկածել, որ կազմակերպչական բացառիկ հատկություններով օժտված Հակոբյանը ցանկացած դաշնակցականից ու սփյուռքահայից պակաս ջանքեր չի գործադրի առաջադրանքը կատարելու հարցում:
Եվ ուրեմն, միանշանակ է մի բան՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ 100-ամյակին ընդառաջ, հենց պետական մակարդակով նոր թափ է ստանում: Ապացույցը՝ իրենց կուսակցությունների որդեգրած քաղաքականության տառին հավատարմության երդում տվող հազարավոր երիտասարդների՝ գոնե մի օրով, գոնե ցեղասպանության հարցում կուսակցական խաղերից վեր կանգնելն ու միավորվելն է, ապացույցը՝ միանգամից մի քանի գերատեսչությունների համար հարցը գերխնդիր դարձնելու հրահանգն է, ապացույցը՝ վերոհիշյալ պետական հանձնաժողովի կազմում հնարավոր և անհնար, համատեղելի և անհամատեղելի թվացող գործիչների համախմբումն է: Իսկ որ ցեղասպանության հարցը հենց այն բացառիկ հարցն է, որի հետ կապված միայն բացառիկ մոտեցումն ու քայլերը կարող են դերակատարություն ունենալ, երևի թե առանձնապես ապացույցների կարիք չունի:
Լուսինե Կեսոյան