Galatv.am. Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանում և աշխարհում միլիոնավոր հայեր, նաև բազմաթիվ այլազգիներ կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց Ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։

Վ. Գլադսոնն ասել է. «Ցանկացած մեկը, ով անձամբ կծանոթանա փաստերի հետ, կհամոզվի, որ մարդկային լեզվի ուժը չի բավականացնի նկարագրելու այն, ինչն իրականում կատարվել ու կատարվում է և որ չափազանցումը, եթե մենք նույնիսկ հակված լինեինք դրան, մեր ուժերից վեր կլիներ… Դժբախտաբար, վայրի ցեղերը հայտնվեցին հայերի' հնագույն քրիստոնյա քաղաքակրթության և աշխարհի ամենախաղաղասեր, ամենաձեռնարկող և կշռադատող ազգի կողքին»:

Հայոց Ցեղասպանության ամենալայնամասշտաբ և հեղինակավոր վկայություններից մեկն է հանդիսանում Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-16թթ) Հենրի Մորգենթաուի «Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գիրքը: Նա՝ որպես անմիջական վկա, ատելությամբ նկարագրում է մարդկային պատկերացման սահմաններից դուրս գտնվող թուրքական իշխանությունների գազանությունները' համարելով այն «ողջ մարդկության պատմության ամենամեծ չարագործությունը»:

Գրքի նախաբանում նա գրում է. «Իրենց վկայությամբ ականատեսները պետք է հաստատեն պատմության ամենամեծ հանցագործությունը: Ես ինձանից վանել եմ բոլոր խոչընդոտները և որոշել եմ պատմել բոլոր իրադարձությունները, որոնց հետ ես բախվել եմ»:

Ահա նրա որոշ արտահայտությունները թուրք խուժանի գործողությունների մասին:

«Երիտթուրքերի ղեկավարները երազում էին կայսրության վերականգման իլուզիաների մասին : Թուրքերը, 2 դար լինելով քայքայվող ազգ, հանկարծ լկտիացան, սկսեցին արհամարհանքով նայել այն ազգերին, որոնցից շատ բան են սովորել և հորինեցին այդ նույն ազգերին ոչնչացնելու հրեշային մեթոդները»:

«Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը' բազմաթիվ ամերիկացիներ՝ հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը' թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին»:

«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»:

Ինչպես ասել է անգլիացի պրոֆեսոր Դեյվիդ Լենգան' հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհը ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց:

Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը' Հայոց Ցեղասպանությունը:

-Գարուն ա, ձուն ա արել…

…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի.

-Աշխարհում ով մոռանա,

Ջուխտ աչքով թող քոռանա…

Պարույր Սևակ

Տաթեւ Ֆռանգյան