tert.am. Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդու, ով իր նորածին թոռանը վաճառել է գործարարին՝ նրա հետ պայմանավորվելով Facebook-ի միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:

Հնդկական Պենջաբ նահանգի Լուդհիյանիի բնակիչ Ֆերոզ Խանը պետք է դատարանի առաջ կանգնի: Այն դեպքում, եթե դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչի, ապա նրան կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում: Բացի Խանից ձերբակալվել էին նաև նրա 2 հանցակիցները, որոնք օգնել էին իրականացնել երեխայի վաճառքի գործարքը: Նրանց նույնպես ազատազրկում է սպառնում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Խանի աղջիկը՝ Նուրի Խանը, երեխային ծննդաբերել է ապրիլին: Հիվանդանոցում, որտեղ տեղի էր ունենում ծննդաբերությունը, պապը պայմանավորվել է բուժքրոջ և բժշկի օգնականի հետ, որպեսզի նրանք գողանան երեխային և հանձնեն իրեն: Թոռան համար Հնդկաստանի բնակիչը պետք է ստանար 45.000 ռուփի (մոտ 830 դոլար):

Գործակալությունը նշում է, որ 2011 թվականի տվյալներով Հնդկաստանում գործում էին 800-ից ավել հանցավոր խմբավորումներ, որոնք զբաղվում էին երեխաների վաճառքով: