«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Եփրեմ Բադիկյանի և Հովհաննես Բատիկյանի)' 1.800.000 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցվոր «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ համաձայն 18.07.2010 թվականի թիվ 632 պայմանագրի, որը կնքվել է Եփրեմ Բադիկյանի և «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի միջև, Եփրեմ Բադիկյանին կատարվել է սրտի վիրահատություն և մատուցվել են լրացուցիչ բուժ. ծառայություններ, որի դիմաց նա պարտավորվել է ըստ պայմանագրի 2.2.3 կետի վճարել բուժ. ծառայությունների դիմաց: Համաձայն թիվ 1701 ծառայությունների մատուցման հաշվի, որը կնքվել է 20.07.2010թ.-ին, ծառայությունների դիմաց վճարվելիք արժեքը կազմել է 2.300.000 դրամ: 15.05.2011 թվականի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմել է 1.800.000 դրամ: Բազմիցս բանավոր և գրավոր նախազգուշացրել են պատասխանողներին, սակայն' ապարդյուն:

Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն դատարան է ներկայացվել 18.07.2010թ.-ին կնքված թիվ 632 պայմանագիրը: Պայմանագրի կողմ են հանդիսացել «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն' ի դեմս տնօրեն Լ.Կ. Մուրադյանի, մյուս կողմից' Եփրեմ Բադիկյանը, «Հարազատ» տողում նշված վերջինիս եղբայր Հովհաննես Բատիկյանը, որտեղ Եփրեմ Բադիկյանի անվան դիմաց ստորագրությունը բացակայում է: Պայմանագրի 1-ին կետի համաձայն' հիվանդանոցը պարտավորվում է հիվանդին մատուցել բժշկական ցուցումներին համապատասխան և դրանից բխող այլ բուժօգնություն:

Դատարանի կողմից 26.03.2012թ.-ին նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննությամբ 14.06.2012թ.-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է փորձագետի եզրակացություն: Համաձայն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 14.06.2012թ.-ին ներկայացված եզրակացության' 18.07.2010 թվականի թիվ 632 պայմանագրի ստորին աջ մասում' «Բադիկյան» ձեռագիր գրառման աջ կողմում և «ստորագրություն, Ա.,Ա.» տպագիր գրառման վերևում տեղավորված ստորագրությունը կատարվել է Հովհաննես Բատիկյանի կողմից:

20.07.2010 թվականի ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշվի ստորին աջ մասում' «Ծառայություն ստացող» սյունյակում «Բադիկյան Եփրեմ» ձեռագիր գրառումների ներքևում' «Հարազատ» տպագիր գրառման աջ կողմում, տեղավորված ստորագրությունը չի կատարվել Եփրեմ Բադիկյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից: Վերը նշված ծառայությունների մատուցման հաշվի ստորին աջ մասում' «Ծառայություն ստացող» սյունյակում «Հիվանդ» տպագիր գրառման աջ կողմում տեղավորված «Բադիկյան Եփրեմ» ձեռագիր գրառումները չեն կատարվել Եփրեմ Բադիկյանի կողմից, այլ կատարվել են այլ անձի կողմից:

20.07.2010թ.-ին կազմվել է ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշիվը, որը ստորագրվել է մի կողմից «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Լ.Կ.Մուրադյանի, մյուս կողմից, ըստ փորձագետի եզրակացության, մեկ այլ անձի կողմից, որը ոչ Եփրեմ Բադիկյանն է, ոչ էլ Հովհաննես Բատիկյանը, իսկ այլ անձի ինքնությունը հայտնի չէ և գործի քննությամբ չի պարզվել:

Կոնկրետ դեպքում հաշվի առնելով, որ պայմանագիր կնքելու փաստի ապացուցման պարտականությունը պետք է կրեր «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն, սակայն վերջինս, ի պահպանումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի, չի ապացուցել, որ 20.07.2010թ.-ին կազմված ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշիվը ստորագրվել է Եփրեմ Բադիկյանի կամ վերջինիս եղբոր' Հովհաննես Բատիկյանի կողմից, այսինքն' բացակայում է ծառայությունների մատուցման դիմաց վճարման ենթակա գումարի բռնագանձման հիմքը, դատարանը գտնել է, որ հայցը ենթակա է մերժման:

Աղբյուրը' Իրավաբան.net