Lragir.am. Չգիտեմ, դուք ոնց, իմ տրամադրությունն ընկնում է Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ: Ոչ թե թուրքերի բարբարոսությունները հիշելուց՝ դրանք իմ մեջ ուրիշ զգացում են հարուցում, որը կարող է արտահայտվել միայն հրապարակման ոչ ենթակա բառերով, այլ Հիշատակի օրը պատկերացնելուց: Հեռուստատեսությունները ցուցադրելու են «Ձորի Միրոն», «Նահապետը», «Մայրիկը»... որոնք «մաշվել»-հոգնեցրել են, անկախ իրենց գեղարվեստական արժեքից: Հիշատակի օրվա դեռ խորը նախօրեից ցուցադրվում են ուղեգրական ֆիլմեր, որոնց հեղինակները փոքր գիտելիքներով, մեծ մուննաթով անցնում են Արևմտյան Հայաստանով՝ 10/1-ի հարաբերակցությամբ ցույց տալով չոլեր-ասֆալտ/եկեղեցի-ավերակներ և պատմական հուշարձանների տարիքի ու պատկանելության վերաբերյալ հնչեցնելով վարկածներ, որոնք լսելով պետք է որ բիզ-բիզ կանգնեին ողջ ու մեռած գիտնական-մասնագետների մազերը (Որոնցից արձագանք չի լինում, հատկապես՝ ողջերից):
Ապրիլի 23-ի ջահերով երթը, որը նոր երևույթ է, երիտասարդության շրջանում աշխուժություն հարուցում է, միայն թե անձամբ ինձ անհանգստացնում է, որ այն զուգահեռվում է Գերմանիայի ֆաշիստական անցյալից հայտնի պատկերներին, առանց իր թիկունքում ունենալու ռազմա-տնտեսա-հոգեբանական ամբողջ հզորությունը, որին տիրապետում էր այդ երկիրը:
Երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք անցած տասնամյակների ընթացքում չի մշակել մարդկանց մեջ համապատասխան պահելաձև, ու տեսնում ես, որ շատերի համար արարողությունը ձևական է:
Միգուցե փոքր բան թվա, բայց ես կառաջարկեի, որ Ծիծեռնակաբերդում արկղեր տեղադրվեին, որտեղ յուրաքանչյուր այցելու մի բացիկ գցեր՝ խոստումով, թե ինչ է անելու մինչև հաջորդ Ապրիլի 24 իր հայրենիքի համար՝ իր աշխատանքով, հասարակական գործունեությամբ, անձնական կյանքում, որը հաջորդ տարի ապրիլի 23-ին ստանար իր հասցեով ու ստուգեր՝ արդյոք կատարել է: Կարծում եմ սա կլինի լավագույն հիշատակի տուրքը:
Ապրիլի 24-ը դառնում է նաև հոխորտանքի համազգային օր՝ անպայման գտնվում են մարդիկ, ովքեր հեռուստաեթերով հայտարարում են, որ չպետք է մոռանալ Թուրքիայից պահանջել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև՝ Կիլիկիան: «Ինչքան՝ անհավանական, էնքան՝ լավ»՝ մտավոր ծուլության ոսկե սկզբունք, որը թույլ է տալիս այն կրողներին չզբաղվել ոչ մի իրական խնդրով: Բայց պոռոտախոսությունն առանձին մարդկանց խնդիրը չէ, այն ձևավորում է մթնոլորտ, որը չի թողնում առիթն օգտագործել վերլուծությունների համար: Թուրքերի հերն էլ անիծած, բայց մենք մեզ համար չձևակերպե՞նք, թե ինչու մեր պատմության ամենամեծ աղետը տեղի ունեցավ հենց XX դարի սկզբին: Օրերս «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Աշոտ Աբգարյանի «Ինչու՞ ցեղասպանություն» խորհրդանշական վերնագրով գիրքը, որտեղ վերլուծվում է հայ «ազգային» դիվանագիտությունը, սկսած XIX դարի երկրորդ կեսից, կամավորական շարժման ու ավանդական կուսակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը մինչև 1915: Հայաստանյան բազմաթիվ գիտական համաժողովների կողքին, ուր նորանոր ապացույցներ են բերվում Ցեղասպանության վավերականության մասին, հերթական հոգեկան վնասվածքը հասցնելով մեզ, կարծում եմ, պետք է կազմակերպել հենց «Ինչու՞ ցեղասպանություն» վերնագրով քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչն է, որ այդ տարիներին մենք ինքներս պետք է անեինք կամ չանեինք:
Պարզաբանեմ. հայ կամավորական շարժումը փառաբանող հազարավոր էջեր են գրվել, հայդուկների առասպելական սխրանքներին սրտառուչ երգեր, վեպեր, բանաստեղծություններ ու պատմվածքներ են ձոնվել։ Թե ինչպես է ջոկատը զորքի դեմ կանգնել: Մի հոգին փռել է տասի դին: Եվ, իսկապես, թուրքական կողմից էլ բազմահազար սպանվածներ են եղել… Բայց արդյոք դա էր պայքարի նպատակը: Ինձ թուրքերի զոհերը չեն մխիթարում: Բոլորովին: Թող ոչ մի թուրք էլ չսպանվեր, բայց հայ գյուղացին, արհեստավոր-վարպետը, ուսուցիչը, բժիշկը, ճարտարապետը, վաճառականը ողջ մնային, իրենց հողի վրա՝ ազգային, կրոնական, քաղաքացիական իրավունքներն այն չափով բարելավելով, ինչ չափով ԻՐԱՊԵՍ հասանելի էր այդ ժամանակ: Ողջ մնային հայ մանուկները՝ ուսումնասեր, ինչպես պահանջում էր ընտանեկան ավանդույթը, հայ մայրերը՝ անձնվիրության նմուշ, ծերունիները, որ գերդաստանի գլուխ կանգնած փոխանցում էին նախնիների փորձն ու իմացությունը կրտսերներին…
Ասեմ նաև, որ արդեն ապրիլի 24-ն անցնելուց հետո նկատեցի նաև դրական մի բան. հանրությունը սկսել է ավելի շատ խոսել ազգային միասնության մեկ այլ օր ևս ունենալու մասին, որը մեզ ոչ թե մահվան, այլ կյանքի շուրջ կհամախմբի: Սարդարապատի ճակատամարտը կլինի դա, թե Մուսալեռը՝ պետք է իսկական համազգային տոն ունենանք: Միայն թե պետք է պետական մակարդակի լուրջ աշխատանք, որպեսզի Սփյուռքը համաձայնի հրաժարվել Ապրիլի 24-ի «մենաշնորհից», իսկ «գազն անցած» սովետական տոներից սկսած դրանց պարզապես որպես ոչ աշխատանքային օրերի վերաբերող հայաստանցիներն էլ սիրեն:
Ցեղասպանության ճանաչումը թե՛ օտար երկրների, թե՛ թուրքական հանրության կողմից այսօր տեղապտույտի մեջ է, իսկ Թուրքիան անընդհատ մեծացնում է իր դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ բոլոր հայերի համար պետք է պարզ լինի, թե որն է Հայաստանի՝ որպես պետության, պարտք ու պահանջը Թուրքիայից: Հստակ իմանանք, թե ի՞նչ շեշտադրումներ են փոխվել մեր արտաքին քաղաքականության մեջ «ֆուտբոլային դիվանագիտության» տապալումից հետո: Ընդ որում, «նախաձեռնողական դիվանագիտության» ինքնագովեստի փոխարեն, որ հնչեցնում են իշխանության ներկայացուցիչները, պետք է գործերը խոսեն: Այլապես ընդհանուր բառերն ու վերամբարձ ճառերը ցնդում են նախատեսված ժամանակից շատ ավելի շուտ, ինչպես ընտրության օրվա կնիքների թանաքը մեր անձնագրերում: