ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վ.Ավետիսյանի' գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' պատասխանողը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 16.03.2011թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանքի 5.000 դրամի չափով, որը, համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի, հնգապատկվել է և կազմում է 25.000 դրամ:

Վաչագան Ավետիսյանի կողմից վարչական տուգանքի գումարը 4.700 դրամի չափով վճարվել է 16.04.2011 թվականին։ Դատարան ներկայացված դիմումով պատասխանողը հայտնել է, որ ինքը սահմանված ժամկետում վճարել է գումարը, առանց իմանալու, որ 300 դրամի չափով պահում է կատարվել։

Դատարանի գնահատմմաբ՝ տուգանքի գումարի վճարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված 30 օրը պետք է հաշվարկվի տուգանք նշանակելու մասին որոշումը պատասխանողին հանձնելու օրվան (ամսաթվին) հաջորդող օրվանից, տվյալ դեպքում տուգանքի որոշումը Վ.Ավետիսյանին հանձնելու' 2011թ. մարտի 16-ին հաջորդող օրվանից, այսինքն' 2011թ. մարտի 17-ից, որի դեպքում երեսուներորդ օրը կհանդիսանա 2011թ. ապրիլի 15-ը, հետևաբար այդ օրը լրանալուց հետո' 2011թ. ապրիլի 16-ից պարտավորության կատարումը կհամարվի կետանցված և առաջ կբերի օրենքով նախատեսված պատասխանատվություն' տուգանքի գումարի եռապատկման ձևով։

Դատարանն անհիմն է համարել պատասխանողի պնդումն այն մասին, որ տուգանքի գումարն իր կողմից վճարվել է սահմանված ժամկետում, քանի որ «Թել-Սել» ՓԲԸ-ի տերմինալի 16.04.2011թ. թիվ 00006240 անդորրագրով հաստատվեց, որ Վ.Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու համար նշանակված 5.000 դրամ վարչական տուգանքից 4.700 դրամը վճարել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուց' 16.03.2011թ. հետո 31-րդ օրը՝ 16.04.2011թ., այսինքն' օրենքով սահմանված 30-օրյա ժամկետը լրանալուց հետո, ինչը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք է նշված տուգանքի գումարը եռապատկելու համար։

Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. Վ.Ավետիսյանից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 10.300 ՀՀ դրամ։ Մնացած մասով հայցը մերժել։

Աղբյուրը' Իրավաբան.net