Մայիսի 5-ին ժամը 7-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձևավորված 464 տեղամասային ընտրայան հանձնաժողովները գումարել են նիստեր:
ՏԸՀ-ների 3712 անդամներից չեն ներկայացել 12-ը: Նրանցից 8-ը նշանակված են եղել <<Ժառանգության>>, 2-ական անդամներ' ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ՀՅԴ-ի կողմից: Այս մասին ժամը 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ժամը 8-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Երևանցիները համամասնական ընտրակարգով ավագանի կընտրեն՝ իրենց ձայները տալով քվեաթերթիկում ընդգրկված 7 քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին:
Քվեաթերթիկում 6 կուսակցությունների ու կուսակցությունների մեկ դաշինքի անվանումները նշված են ըստ այբբենական հերթականության՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Բարև Երևան», «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, ՀՀԿ, «Օրինաց երկիր», ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:
Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 26 տեղական հասարակական կազմակերպությունների 6 613 և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 12 դիտորդներ:
ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ դրոշմակնքման համար նախատեսված թանաքանյութի հետ կապված որևէ ահազանգ չկա: Նա հորդորեց ընտրողներին զերծ մնալ տարբեր նյութերի գործադրմամբ թանաքանյութի արհեստական հեռացման փորձերից, ինչը նկատվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ, ըստ ՀՀ ոստիկանության, ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: