ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծությունների կենտրոնը ստուգում է բոլոր ահազանգերը, ստուգում դրանց համապատասխանությունն իրականությանը: Համապատասխանության դեպքում, եթե դա օրենսդրական պահանջի խախտում է, ԿԸՀ-ի կողմից օպերատիվ կարգով լուծվում են բոլոր խնդիրները: Այս մասին ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ստացված ահազանգերը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի' թանաքանյութին, գունավոր գրիչների օգտագործմանը, տրանսպորտային միջոցներով ընտրողներին տեղամասեր տեղափոխելուն:
ԿԸՀ քարտուղարն ընդգծեց, որ իրենք փորձել են և համոզվել, որ թաց անձեռոցիկով թանաքանյութն անձնագրում չի մաքրվում. «Այս անգամ թանաքանյութն ավելի կայուն է իրեն դրսևորում' կապված եղանակային պայմանների հետ»:
Առանձին տեղամասերում տարբեր գույներով գրիչներ բաժանելու ահազանգերի վերաբերյալ էլ նշվեց, որ ԸԸՀ-ների անդամները շրջայցեր են կատարել և համոզվել, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է ընտրողի կողմից սեփական գրիչով քվեարկելուն, ապա, ըստ Ա.Սմբատյանի, նման սահմանափակում օրենսդրությամբ չկա: «Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին և լրատվամիջոցներին չծայրահեղացնել ամեն ինչ»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներով ընտրողներին տեղամաս տեղափոխելուն, ապա Ընտրական օրենսգիրքը ոչ մի սահմանափակում չի նախատեսում ընտրողի ավտոտրանսպորտով ընտրատեղամաս գալու համար:
«Ընտրողները կարող են կազմակերպվել, ինքնակազմակերպվել և գալ տեղամասային կենտրոն ինչ տրանսպորտային միջոցով իրենց հարմար է»,-հայտարարեց ԿԸՀ քարտուղարը: