Հովսեփ Էմինի 120 հասցեում գտնվող 5/20 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունենում: Aravot.am-ին նման ահազանգի մասին տեղեկացրեց ՀՅԴ գրասենյակը, որի թեժ գծին էին զանգահարել ընտրողները, սակայն երբ լրագրողն ահազանգից մոտ 20 րոպե անց եղավ նշված վայրում, ամեն ինչ խաղաղ էր, սակայն հանձնաժողովի որոշ անդամներ բավականին լարված էին եւ լրատվամիջոցի այցին բուռն արձագանքեցին. «Հոգնել ենք արդեն, էսքան նկարել կլինի՞»:
Հանձնաժողովի անդամները «Առավոտ»–ի հետ զրույցում վստահեցրին, որ ոչ մի ծեծկռտուք չի եղել: Հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը որոշակի անհամաձայնություն ունեցան մատյանում ինչ-որ արձանագրություն կազմելու առումով. նախագահը պնդում էր կազմել արձանագրություն: Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, ՀԱԿ ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Թոքմաջյանը չպատասխանեց, իսկ երբ հետաքրքրվել է՝ ծեծկռտուքի մասին որեւէ տեղեկություն ունե՞ն, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ ինքը ներառական կրթության մակարդակի հարցերի չի պատասխանում, եւ ինչ որ պետք ա եղել՝ արձանագրել է: