Tert.am. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ապահովել Թուրքիայի պաշտպանությունը սիրիական տարածքից հնարավոր հարձակման դեպքում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի' Սիրիայի հարցի հետ կապված միակ խնդիրը Թուրքիային հնարավոր հարձակումից պաշտպանելն է:
«Ինչ վերաբերում է Սիրիային՝ մենք խիստ անհանգստացած ենք հումանիտար իրավիճակով, այլ երկրներում ճգնաժամի տարածման ռիսկով և քիմիական զենքի կիրառման հավանականությամբ»,- Ռասմուսսենի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, երբ Սիրիայի տարածքից հրետանային ռմբակոծության էին ենթարկվել սահմանակից հարավ-արևելյան շրջանները, որի հետևանքով 5 մարդ էր զոհվել: Այդ միջադեպից հետո Թուրքիան ամրացրել է Սիրիայի հետ իր սահմանների պաշտպանությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս նշել է, որ չնայած ՆԱՏՕ-ն անհանգստացած է սիրիական զորքերի կողմից մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ, սակայն դաշինքին առավել մտահոգում է տարածաշրջանում իր դաշնակցի պաշտպանության խնդիրը: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծում է, որ սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի ժնևյան համաձայնության հիման վրա:
Իսրայելի կողմից Սիրիային ավիահարված հասցնելու տեղեկատվության վերաբերյալ Ռասմուսսենը կտրուկ կերպով հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ այդ մասին իմացել է ԶԼՄ-ներից: «Ինչ վերաբերում է հետաքննչական գործողությունների մասին տեղեկատվությանը, ապա ՆԱՏՕ-ն սկզբունքորեն դա չի մեկնաբանում»,-ասել է Ռասմուսսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կտրականապես դեմ է միջազգային ռազմական միջամտությանը Սիրիայում: