Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում: Ոստիկանության նշված ստորաբաժանումները 1 տարուց ավելի հսկայական աշխատանքներ են կատարել, մինչև որ բացահայտել են այս խմբին, ովքեր պլանավորել և նախապատրաստվել էին սպանել Հայաստանում հայտնի գործարարներից Ռ. Մ.-ին, ով ավելի շատ լինում է արտերկրում, այդ թվում՝ Իսպանիայում և Հայաստանում նա իր բիզնեսը ղեկավարում է դրսից:

Նշված խմբին բացահայտելու համար ոստիկանությունում ստեղծվել են մի քանի օպերատիվ-հետախուզական խմբեր, քանի որ հանցագործ խմբի անդամները, այսպես ասած, ճյուղավորված են եղել Երևանից դեպի մարզեր: Ոստիկանության խմբերը ղեկավարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, նույն վարչության 2-րդ վարչության 1–ին բաժնի պետ Արայիկ Մգոյանը և շաբաթը 2 օր կատարված աշխատանքների արդյունքները իմի բերելու նպատակով խմբի բոլոր անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի մոտ:

Սպանությունը պետք է կատարվեր դիպուկահարի (սնայպեր) միջոցով: Ոստիկանության նշված խմբերում ներգրավված եմ եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից փոխանցվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 35 (հանցագործության նախապատրաստությունը, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև՝ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով) և 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Նշված հանցագործությունը լիովին բացահայտելու համար ստեղծվել է քննչական խումբ և այն ղեկավարում է ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության պետ Վահագն Հարությունյանը:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում: Նշված անձիք ձերբակալված են: