ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եզիազարյանի գնահատմամբ' Կառավարության կազմում կատարված որոշ փոփոխությունները խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանն այսօր չի ցանկանում հաշվի նստել հասարակության հետ: Նրա կարծիքով' ոչ միայն ամբողջ Կառավարությունը, այլ նաեւ գործադիրի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացներ: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, խոսելով Կառավարության կազմի մասին, Գուրգեն Եղիազարյանը ասել է. «Նախ, ինչ է նշանակում նոր Կառավարություն Հայաստանում, կամ հին Կառավարություն: Եթե մի Կառավարության գլուխ Տիգրան Սարգսյանն է, եթե էդ մարդուն 4-5 տարի է հարց եմ տալիս, որտե՞ղ ա իմ անձնական 1.5 տոննա ոսկին, ո՞ւր ա: Սա, լինելով բանկի կառավարիչ, իմ երկրի, իմ ոսկին օտարել է, բայց, գլխին կպնի էդ օտարելը, էդ օտարելուց հետո ոսկին անընդհատ թանկացել է: Այսինքն' մեկը չկա հարցնի' տղա ջան, եթե մեկը 100 դոլար մեկի տունը մտնում է գողություն է անում, գրպանահատություն է անում' 1 ցենտի, կամ 10 կոպեկի, 2 տարի նստում է: Այս մարդը 50 միլիոն դոլարի վնաս է տվել իմ երկրին»:
Ըստ Գուրգեն Եղիզարյանի' սա խոսում է այն մասին, որ Տիգրան Սարգսյանը իրականում տնտեսագետ չէ եւ անհրաժեշտ է ստուգել, թե իրական է արդյո՞ք նրա դիպլոմը: Բացի այդ, ըստ ՍԴՀԿ ներկայացուցչի, Տիգրան Սարգսյանը ոչ թե պետք է վերանշանակվեր վարչապետի պաշտոնում, այլ նա պետք է սեփական դիմումի համաձայն հրաժարական ներկայացներ: «Ամոթի զգացումը նրան պետք է խեղդեր եւ ինքնաբացարկ հայտարարեր, Սերժ Սարգսյանին ասեր' «ձյաձյա» ջան, չստացվեց էլի: Ես 12-ով Ռոբերտ Քոչարյանից աղքատության շեմը ընդունեցի, այսօր 38 տոկոս է, ես 26 տոկոս ավելացրեցի»:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե այդ ամենը պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով, ապա, ըստ Գուրգեն Եղիազարյանի, ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարված է: «Բաց արեք մամուլը, որտեղ սա իր ամբողջ թիմով հորջորջում ու գոռում է մամուլով, թե տնտեսական ճգնաժամը անցավ Հայաստանի վրայով, բա որ անցավ, բա այ առանց ցավի տղա, ո՞ւր ես, ինչի՞ հրաժարական չես տալիս, ի՞նչ ես մնացել էդ աթոռին կպած»,- նշել է ՍԴՀԿ անդամը:
Ընդհանուր առմամբ, ըստ Գուրգեն Եղիազարյանի, ներկա Կառավարությունը' իր հին կազմով, սպառել է իրեն, իսկ ինչ վերաբերում է ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի' գործադիրում հրավիրված աղմկոտ խորհրդակցությանը, ապա դա միայն պոպուլիստական բնույթ է կրել:
Փայլակ Ֆահրադյան