Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է: Սակայն նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ նման լուրեր են տարածում իր հակառակորդները, որպեսզի երկրի բնակիչները դատարկեն խանութները, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Russia Today-ին:
Մադուրոն որոշել է հանգստացնել բնակիչներին: Նրա կառավարությունը հայտնել է, որ արտասահմանից 50 մլն հատ զուգարանի թուղթ կգնի:

«Հեղափոխությունը երկիր կբերի 50 մլն զուգարանի թուղթ, որպեսզի մեր ազգը հանգստանա և հասկանա, որ չի կարելի թույլ տալ ԶԼՄ-ներին մանիպուլյացիայի ենթարկել իրենց գիտակցությունը և հավատալ, թե դեֆիցիտ գոյություն ունի», - հայտարարել է այդ երկրի առևտրի նախարար Ալեխանդրո Ֆլենիբգը:

Հիգիենայի պարագաների պակասն իշխանությունները բացատրում են ընդդիմության դավերով և հայտնում, որ ամսական այդ երկրում 125 մլն զուգարանի թուղթ է օգտագործվում: