ԱԺ հավանությանը ներկայացված Կառավարության ծրագրում մասնավորապես նշված էր, որ Կառավարության խնդիրն է առաջիկա 4 տարիների ընթացքում ստեղծել 100 հազարից ավել աշխատատեղ: Այս կապացությամբ ԳԱԼԱ-ն զրուցեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ' փորձելով պարզել' արդյո՞ք իրատեսական է Կառավարության դրած նշաձողը: «Միայն մի դեպքում, եթե միկրոբիզնեսը ազատվի հարկային բոլոր պարտավորություններից, բարենպաստ պայմաններ կստեղծվեն, մարդիկ առանձնապես կախվածություն չեն ունենա պետությունից և կկարողանան զբաղվել իրենց բիզնեսով, այդ դեպքում 100 հազար ու ավելի շատ աշխատատեղեր հնարավոր կլինի բացել»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ եթե շարունակվի այն նույն քաղաքականությունը միկրոբիզնեսի նկատմամբ, որը կա ներկայումս, ապա այդ պայմաններում դժվարություններ Կառավարությունը հաստատ կունենա: «Մանր և միջին բիզնեսից տարվա կտրվածքով հավաքվում է 100 միլիոն դոլար հարկ, եթե այդ հարկից Կառավարությունը հրաժարվի, բնականաբար, բարենպաստ պայմաններում մարդիկ կզբաղվեն ձեռներեցությամբ, իսկ թերի քայլերով, հարկերը կրճատելով կամ փոքր բարեփոխումներով խնդիր չի լուծվի, քանի որ այդ բարեփոխումները ազդում են մանր խմբերի վրա, բացի այս, արտագաղթը, էներգետիկ ռեսուրսների թանկացումը ազդում են գնողունակության վրա, և փոքր բիզնեսը չի կարողանում գոյատևել ու փակվում են անգամ տարիների փորձ ունեցող ձեռնարկություններ»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Մեր զրուցակիցը եզրափակելով' ասաց, որ եթե իր նշած քայլը չարվի, ոչ միայն 100 հազար աշխատատեղ ստեղծելու խնդիրը չի լուծվի, այլև կարող է տեղի ունենալ հակառակ գործընթացը և արձանագրվի գործազրկության աճ:
Աղասի Մարգարյան