Ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվեց ՀՀ նոր կառավարության ներկայացրած նոր ծրագիրը:

Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Հարգելի՛ վարչապետ, երեկ Դուք չընդունեցիք իմ այն խոսքը, որ ՀՀ գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, և ասացիք, որ այս ամբիոնից պետք չէ նրա մասին այդպիսի հայտարարություններ անել: Շուրջ 6 տարի առաջ այս ամբիոնից ներկայացվեց այդ խարդախ դատախազն այս ԱԺ-ին, որպեսզի մենք հավանություն տայինք նրա ընտրվելուն: Ես գաղտնի քվեարկությամբ չեմ հայտնել իմ անհամաձայնությունն այդ անձի հետ կապված, ես հրապարակավ հայտնել եմ, որ նրա գործունեությունն այդ տարիների ընթացքում եղել է անբավարար ՀՀ-ի համար», - ասաց Փոստանջյանը:

Վերջինիս ելույթին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը' կոչ անելով պահել կոռեկտության սահմանները:

«Տիկի՛ն Փոստանջյան, խնդրում եմ կոռեկտ: Չի կարելի մարդկանց վիրավորել: Ես Ձեզ խնդրում եմ մարդկանց մի՛ վիրավորեք»,-ասաց Աբրահամյանը:

«Դուք իր տեղը մի՛ վիրավորվեք: Պաշտպանների կարիք էլ նա չունի, նա իրավաբան է և իր իրավունքները քաջ գիտակցում է», - ասաց Փոստանջյանը և շարունակեց իր ելույթը:

«Դուք չհամաձայնվեցիք, բայց կառավարության գործունեության վերահսկողության համար գլխավոր դատախազն ունի մեծ դերակատարություն, նաև այն որոշումների համար, որն արձակում է կառավարությունը: Հաճախ այդ որոշումների գրեթե գերակշիռ մասը չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Ես պետք է անդրադարձ կատարեմ և մատնանշեմ հստակ դեպքեր, որը վերաբերում է կառավարության որոշումներին, որոշումներ, որոնք արձակվել են օրենքի խախտմամբ, և այդ դատախազը չի միջամտել, չի կանխել և ապագայում նաև չի դադարեցրել այդ որոշումների գործունեությունը:

Օրինակ' մի դեպքով պետք է անդրադառնամ Բյուրականում կառուցվեղ ՀԷԿ-ին, որին դեմ են գյուղացիները, և այո, այսօր մեր հասարակության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն: Դիմում են իրավապահ մարմիններին, տեսնում են, որ իրենցից օգուտ չունեն, իրենք են ոտքի կանգնում և իրենք են իրենց իրավունքները պաշտպանում:

Կընթերցեմ, թե ինչ էին ասում այդ գյուղացիները դատախազին: «Պարո՛ն Աղվան Հովսեփյան, գյուղում առանց այդ էլ դու դաչա ունես, յեքա հեկտարներով տերիտորիաներ ունես, դու ջերմոցներ ես դրել, նույնիսկ կանաչի ես ծախում, պամիդոր ես ծախում, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի: Դու էտքան ունես, էլի ես ուզում ունենաս, ոնց կարող ես այդքանը վայելես դու, մեր կարևոր պահանջն է նա, որ այդ ՀԷԿ-ը չկառուցվի»: Այսպիսի գյուղացիներ կան և՛ Մարց գյուղում, և՛ Գետահովիտում և՛ տարբեր այլ գյուղերում, որտեղ նման նախաձեռնություն եք իրականացնում ՀՀ կառավարության որոշումներով»,-ասաց Փոստանջյանը: