Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ավանի ոստիկանություն են բերման ենթարկել Աճառյան փողոցի բնակիչներ 18-ամյա Արթուր Նաղդալյանին՝ մականունը ՝Տուլո և դարձյալ 18-ամյա Երջանիկ Մանուկյանին՝ մականունը՝ Չխկո: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են ժամկետային զինծառայողներ՝ երկվորյակ եղբայրներ 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Ավագյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Հանցափորձը, սպանությունը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված երիտասարդներն էին 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանները, ովքեր երկվորյակ եղբայրներ են և հիվանդանոց էին տեղափոխվել Աճառյան փողոցի 15 շենքի իրենց բնակարանից: Հակոբը հիվանդանոց էր տեղափոխվել բազմակի դանակահարված վերքեր ախտորոշմամբ, իսկ Հովհաննեսը՝ գոտկային շրջանի կտրած թափանցող վերք ախտորոշմամբ: Գ. Շամշյանը հայտնել էր, որ եղբայրները որպես ժամկետային զինծառայողներ ծառայելիս են եղել Իջևանի X զորամասում և կարճատև արձակուրդի են եղել՝ օրինական հիմունքներով: Կատարված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ միջոցառումներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Չխկո մականվամբ Ե. Մանուկյանը տեղափոխվեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ Տուլո մականվամբ Ա. Նաղդալյանը Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ վերցվել է 2-ամսյա կալանքի: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի