Galatv.am. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե Մաքսային միությունը արտաքին աշխարհից կտրող նախագիծ չէ, և այն զուտ տնտեսական դաշինք է և ոչ քաղաքական: Նախարարի այս հայտարարությունը Հայաստանին տրված հերթական «կուտն» է, ընդ որում' բավական պարզունակ ձևակերպումներով: Բացարձակապես որևէ լուրջ քննադատության չի կարող դիմանալ այն դրույթը, որ ՌԴ գերակայությամբ ստեղծված զուտ տնտեսական որևէ կառույց կարող է լիովին անկախ լինել քաղաքականությունից: Արդի պայմաններում անգամ քննարկման ենթակա չէ այն փաստը, որ տնտեսական լծակները մշտապես օգտագործվել են և օգտագործվելու են քաղաքական նպատակների հասնելու համար: Այս տեսանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ Վալովայայի հայտարությունը աչքակապության շղարշի նպատակ է հետապնդում: Հատկանշական է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ 1949 թվականին ձևավորվեց Հյուսիս-ատլանտյան դաշինքը, (ՆԱՏՕ) դրան զուգահեռ Խորհրդային Միության նախաձեռնությամբ ստեղծվեց Տնտեսական փոխօգնության խորհուրդը (ՏՓԽ): ՏՓԽ-ն վերջնականապես ձևավորվեց 1955 թվականի մայիսի 14-ին' Վարշավայում ստորագրված համաձայնագրով (Վարշավայի պակտ): Այս միությունը ֆորմալ առումով ստեղծվել էր պատերազմից տուժած սոցիալիստական բլոկի պետություններին աջակցություն ցույց տալու համար:
Կազմակերպության կանոնադրության մեջ սկզբունքային էին համարվում երկրների սուվերենությունը, որոշումների ազատությունը, ինչպես նաև միության կազմից դուրս գալու իրավունքը: Սակայն դա արձանագրված էր ընդամենը փաստաթղթային մակարդակում, իսկ հիմնական որոշում կայացնողը, բնականաբար, Խորհրդային Միությունն էր: Արդեն 1955-59 թվականներին ՏՓԽ-ն լիովին ձևավորվեց որպես պաշտպանական դաշինք ու հակակշիռ ՆԱՏՕ-ի դեմ' ամրագրելով համաշխարհային տնտեսության երկատումը: Իհարկե, արդի աշխարհաքաղաքական իրողությունները քիչ համեմատական են անցյալ դարի կեսերի հետ, ներկայիս գլոբալիզացիայի և աշխարհի քաղաքական քարտեզի գրեթե բոլոր երկրների միջև ձևավորված խորը և բազմաշերտ տնտեսական, քաղաքական ու մշակությաին կապերը անհնար են դարձնում համաշխարհային տնտեսության պառակտումը, սակայն դժվար է մյուս կողմից չհամաձայնել, որ Ռուսաստանի Դաշնության որդեգրած դիրքորոշման մեջ հաճախ ընդգծված կերպով նկատելի են դառնում համաշխարհային գերտերությանը հատուկ քայլեր, որոնք ինչ-որ առումով հիշեցնում են խորհրդային գործելաոճ: Միանշանակ է, որ զուտ տնտեսական միության քողի ներքո թաքնված են հստակ քաղաքական շահեր, և մենք, ըստ էության, գործ ունենք ազդեցությունների ոլորտների վերաբաշխումների հետ: Այս պայմաններում չափազանց անհամոզիչ են պնդումներն այն մասին, թե Մաքսային միության անդամակցությունը չի սահմանափակի որևէ պետության արտաքին քաղաքականության ուղղությունների զարգացումը: Հայաստանի պարագայում այդ ազդեցությունը առկա է նաև ներկայումս ' անկախ Մաքսային միությանը անդամակցելուց, ինչին և մենք ականտես ենք լինում տարբեր ոլորտներում:
Տնտեսական լծակի օգտագործման ամենավառ ապացույցներից է ներկայումս իրանական գազամուղի նախ' փոքր տրամագիծը, ապա' անգամ այդ փոքր տրամագծով չգործարկումը, ինչը լիովին պետական մոնոպոլիայի դրսևորում է: Ռուսական կողմից տնտեսական լծակների օգտագործումը կամ դրանք օգտագործելու վերաբերյալ ակնարկները բավական երկար ցուցակ կարող են կազմել, որը նպատակահարմար չէ ներկայացնել սույն դիտարկման շրջանակներում: Ի լրումն սրա' նշենք, որ չի կարող պատահական կերպով համընկնել Վալովայայի հայտարարությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության հետ, որի համաձայն' գրեթե ակնհայտ հայտարարվում է Հայաստանի տիրապետության տակ «ադրբեջանական» տարածքների առկայության մասին: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է իրագործել իր ճնշումները' սկսած գազի թանկացումից մինչև արտաքին քաղաքականության վրա ճնշումներ:
Աղասի Մարգարյան