Վաղը Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը, ով գործող գյուղապետն է, և անկուսակցական Սարգիս Սարգսյանը, ով գյուղապետարանի աշխատակազմի նախկին քարտուղարն է:

Թիվ 35 ԸԸՀ-ի նախագահի տեղակալ Մաքսիմ Շահբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ մինչև այժմ ոչ մի գրավոր բողոք-դժգոհություն թեկնածուներից ոչ մեկից հանձնաժողովը չի ստացել, և սովորական նորմալ բնականոն հունով վաղը ժամը 8-ից կմեկնարկի Ախուրիկում ընտրությունները:

ԳԱԼԱ-ին, սակայն, անկուսակցական թեկնածուն որոշ մանրամասներ է պատմել ՀՀԿ-ական թեկնածուի գործունեության մասին և նշել, որ գյուղում շատերին վախեցրել են և փորձել են ապակողմնորոշել:

«Մենք ուզում ենք մեր գյուղում բարոյահոգեբանական վիճակը փոխենք և գյուղում առկա մեկը մյուսի վերաբերյալ թշնամանքը վերացնենք: Պրոբլեմներ շատ ունի գյուղը: Դառնանք գյուղապետ, որ միահամուռ խնդիրները լուծենք: Ախուրիկ համայնքից եմ ես. ծնվել և մեծացել եմ Ախուրիկում, սովխոզի տնօրեն եմ եղել: Մինչև 8-9 ամիս առաջ աշխատակազմի քարտուղար եմ եղել և դուրս եմ եկել, քանի որ գյուղապետի աշխատանքի ոճը դուր չի եկել ինձ: Նա աշխատում է այնպես, ինչպես պետք է իրեն, ոչ թե ժողովրդին: Ես ժողովրդական մարդ եմ: Մեր թիմը ուժեղ է: Ճիշտ է՝ փորձել են ազդել դպրոցի վրա, աշխատող ուժի վրա, որը կախված է իրանցից, փորձում են լծակներ օգտագործել, բայց ասեմ, որ ապարդյուն է, քանի որ մարդիկ ինձ շատ լավ ճանաչում են, էստեղ ՀՀԿ-ի խնդիրը չէ, մեր գյուղի խնդիրն է, իրեն գցում է ՀՀԿ-ների գիրկը, բայց որոշումը ժողովրդինն է, ժողովուրդը կորոշի վաղը»,- ասաց գյուղապետի անկուսակցական թեկնածուն՝ Սարգիս Սարգսյանը:

Նա ասաց նաև, որ անցած նախագահական ընտրություններում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական թեկնածու Վարդիթեր Գասպարյանը ակտիվորեն աշխատել է Սերժ Սարգսյանի օգտին և հիմա ակնկալում է ՀՀԿ-ի աջակցությունը, բայց միևնույն է, ըստ Սարգիս Սարգսյանի, ժողովուրդը իրեն է ընտրելու, քանի որ սա գյուղի խնդիրն է:

«Մի քանի ձայնի առավելությամբ մեր համայնքում անցավ Սերժ Սարգսյանը, բայց ինքը խաբեց ժողովրդին և խաբեությամբ անցավ: Պատգամավոր, բան փորձում են օգնել հիմա ՀՀԿ-ական թեկնածուին, բայց ասեմ, որ ոչինչ չեն կարող անել, որովհետև դա մեր գյուղի խնդիրն է, ժողովուրդը ում ուզի՝ կընտրի: Խոսքեր եմ լսել, հաստատ չեմ կարող ասել, բայց վախեցնում է, թե՝ «ձեր նպաստը կկտրեմ» և այլն, բայց ոչինչ անել չի կարող, քանի որ սոցծառայությունները իրանց ենթակայության տակ չեն: Անպայման անկախ ընտրություններ են լինելու Ախուրիկում, մենք հետևելու ենք, մենք կորած մարդիկ չենք, որ ինչ ուզեն՝ անեն: Լսել, եմ, որ մարզպետարանն էլ ազատ է թողել, որ մենք ինքներս՝ գյուղը որոշի՝ ում ընտրի»:

Հիշեցնենք, որ Ախուրիկը Շիրակի մարզի այն համայնքն է, որի նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը մի օր որոշել էր կողպել գյուղապետարանն ու հեռանալ անհայտ ուղղությամբ: Դա 2009 թ-ի մարտի սկզբներին էր: Ախուրիկի համայնքապետ Դրաստամատ Բադեյանը (նա գյուղը ղեկավարում էր 1996 թ.-ից) պաշտոնից ինքնակամ հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետարանի տարածքային բաժին, որը, սակայն, մերժվել էր ավագանու համապատասխան որոշման բացակայության պատճառով: Մի քանի օրից դիմումը, որտեղ հրաժարումը պատճառաբանվում էր հիվանդությամբ, ու նրան կից ավագանու համապատասխան որոշումը հանձնվում են մարզպետարանի տարածքային բաժին: Երբ տարածքային բաժնի պետ Կառլեն Աբրահամյանը փորձում է զրույցի հրավիրել Բադեյանին, պարզվում է՝ վերջինս արդեն ընտանիքով լքել է գյուղը:

Այդ ժամանակ համայնքապետարանի հաշվեհամարը կալանքի տակ էր, և իրենք ոչ մի տեսակի ֆինանսական գործարք չէին կարողանում իրականացնել, բնականաբար աշխատավարձ ևս չէին ստանում: Այդ ժամանակ էլ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածություն դրեց ՀՀԿ-ական, Շիրակի մարզպետարանի՝ այն ժամանակ աշխատակից Վարդիթեր Գասպարյանը և ընտրվեց գյուղապետ:

Քրիստինա Մկրտչյան