Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գտնված երազ» հաղորդաշարի վերջին հաղորդումը եթերում կլինի մայիսի 31-ին, ինչից հետո ծրագրի ստեղծագործական կազմը կմեկնի հանգստի: Արձակուրդից հետո, սակայն, «Գտնված երազը» չի վերսկսի իր աշխատանքը:
Լուրերը, թե Գոհարը հեռացել է Հանրային հեռուստաընկերությունից և հաղորդումն այդ պատճառով է փակվել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նրա առաջիկա ծրագրերն «Առաջին ալիքի» հետ են կապված: Պարզապես հաղորդավարուհու աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է, քանի որ հունիսին սպասվում է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը: Հունիսի 7-ին Գոհար Գասպարյանը և «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը կմեկնեն Լեհաստան, որտեղ հունիսի 14-ին կկայանա մրցույթը: «Պատանի պարողների Եվրատեսիլին» կհաջորդի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլի մեկնարկը:
«Իմ ցանկությամբ այս հաղորդումը փակում եմ, որ նոր բան անեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հաղորդում մեկ եթերաշրջան է արդիական: Դրանից հետո պետք է անպայման թարմացնես, փոփոխություններ անես կամ այլ նախագիծ սկսես: Լավ կլինի, որ նոր շնչով ուրիշ բան անենք՝ հատկապես, որ նոր ղեկավարություն է եկել մեզ մոտ՝ հետաքրքիր գաղափարներով, նոր տենդենցներով: Այնպես որ, նոր թիմով հետաքրքիր նորություններ կանենք»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին և հավելեց, որ սեպտեմբերից սկսվող եթերաշրջանում բազմաթիվ նոր նախագծեր են լինելու Հանրայինի եթերում:
Գոհարն առայժմ չի կարող ասել, թե ինքն ինչ նախագիծ կվարի, քանի որ դա դեռ քննարկման փուլում է: Հստակ չէ նաև հաղորդավարուհին նոր նախագի՞ծ, թե՞ նախագծեր կվարի. ամեն դեպքում նա նախատեսում է մի քիչ թեթևացել գրաֆիկը: «Ենթադրում եմ, որ նոր ծրագիրս կլինի ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ, քանի որ «Եվրատեսիլի» ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է և դա իմ ցանկությունն է»,- եզրափակեց հաղորդավարուհին: