Panorama.am. «Դահլիճային պայմաններում աշխատանքային քննարկում չի լինում, դահլիճները ժողովների, միտինգների համար են նախատեսված»,- 10 րոպեով ընդմիջված աշխատանքային քննարկումը վերսկսելով ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր սպառողներին վաճառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին փորձում են խոչընդոտել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները' բողոքելով, որ դրսում կան բազմաթիվ մարսիկ, ովքեր քննարկմանը մասնակցելու համար գրանցվել են, սակայն նրանց թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ ՀԾԿՀ-ի դահլիճը փոքր է:

«Մենք հավաքել ենք հանրությանը ներկայացնելու գազի սակագնի բարձացման վերաբելյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության առաջարկը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչպես նաև' Հանձնաժողովի մոտեցումները, որպեսզի քննարկվող մասնագիտական հարցերը ԶԼՄ-ների միջոցով հասու լինեն հանրությանը: Խնդրում եմ' հարգենք մեկս մյուսին»,- ասաց Ռոբերտ Նազարյանը' հավելելով, որ ավելի քան 15 տարի աշխատել են այս պայմաններում և որևէ խնդիր չի առաջացել:

Այնուհետև Տ.Նազարյանն առաջարկեց գնալ մեկ այլ դահլիճ, որն ավելի մեծ է, սակայն ակտիվիստները պնդեցին, որ համաձայն չեն այդ առաջարկի հետ և պահանջում են քննարկումը կազմակերպել այնպես , որ հնարավորինս մեծ թվով մարդիկ մասնակցեն: Ի պատասխան' Ռ.Նազարյանը նշեց. «Մենք ձեր համաձայնությամբ չենք աշխատում, մենք օրենքով ենք աշխատում: Նշանակում է, որ երեք միլիոն հայերի կարծիքը հաշվի առնելով պիտի աշխատեմ»: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ վաղվանից աշխատանքային խմբեր կկազմեն և տարբեր օրերի քննարկումներ կկազմակերպեն, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան ներկա գտնվել քննարկումներին:

Սակայն այս առաջարկը նույնպես չընդունվեց ակտիվիստների կողմից: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ նշեց, որ իրենք հանգանակություն կկազմակերպեն' մեծ դահլիճ վարձակալելու համար: «Հանրությանը հետարքրքող հարցի շուրջ իսկապես պետք է հանրային լսումներ կազմակերպել, բայց նույնիսկ միկրոֆոնով չեք ապահովել և անունը դնում եք հանրային լսում: Սա նշանակում է խուսափել հանրությունից: Ես 15 տարուց ավելի մասնակցել եմ ձեր աշխատանքերին և այդ լսումները միշտ էլ հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել»,- ասաց Ա.Սադոյանը:

Ռ.Նազարյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ինքը ոչ թե ձևի, այլ բովանդակության կողմնակից է, ուստի պատրաստ են ամեն օր քննարկում կազմակերպել: «Որքան էլ մեծ դահլիճ վերցնենք, միևնույն է' չի բավարարելու: Ինչի է թվում' 150 հոգանոց դահլիճում հնարավոր կլինի քննարկում կազմակերպել: Ես չեմ ցանկանում մեծ դահլիճ վերցնել, որպեսզի շոուի մասնակից չդառնանք»,- նշեց Ռ.Նազարյանը:

Հանձնաժողովի նախագահի այս միտքն էլ ավելի վրդովվեցրեց ակտիվիստներին:

Արշակ Սադոյանն էլ վրդովված բողոքեց, թե եթե վերևում կար ավելի մեծ դահլիճ, ապա ինչու նախապես այդ դահլիճում քննարկումը չկազմակերպեցին: Սադոյանը գոռում էր, իսկ Նազարյանը նրան ասում էր, որ ցածր խոսի: Սակայն Սադոյանը սկսեց էլ ավելի բարձր գոռալ: «Հանգիստ խոսա, քեզ ասում եմ»,- ասաց Նազարյանը' փորձելով կարգի հրավիրել Սադոյանին: Ռ.Նազարյանը նշեց, որ այս պայմաններում հնարավոր չէ քննարկումը շարունակել և առաջարկեց այն ավարտել:

Սադոյանն էլ առաջարկեց քննարկումը կազմակերպել Հանրային խորհրդում, սակայն այս առաջարկին չարձագանքեց Ռ.Նազարյանը և լքեց դահլիճը: