Երևանի քաղաքապետարանը հայտարարելով Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ՝ ցանկանում է ի մի բերել բոլոր փորձագիտական-մասնագիտական առաջարկները, և եթե ընդհանուր հայտարարի գան, որ այնտեղ պետք չէ որևէ բան անել, որևէ բան չի արվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամ, Երևանի ավագանու հանրապետական անդամ Հրաչ Պողոսյանը:

Վերջինս ասաց, որ չի հասկանում այն իրարանցումը, որն առաջացրել է Երևանի քաղաքապետարանի՝ մրցույթի մասին առաջարկը: «Եթե որևէ մեկը կասի, որ այնտեղ պետք չէ որևէ բան անել կարող ա հենց դա էլ որոշվի… Պետք չի ծրագիրն ու արդյունքը իրար հետ շփոթել… մարդը՝ հայտարարողը (քաղաքապետը - Tert.am), ասում ա ակտիվ սիլուետ ա առաջացել, որը խանգարում ա հրապարակին, խնդրում ա հասարակությանը և ճարտարապետներին, ասում ա՝ «բերե՛նք մի հատ տեսնենք ի՞նչ ա պետք անել»: Կարող ա, որոշեն, որ ոչ մի բան պետք չի քանդել, շատ լավ սիլուետ ա, կարող ա՝ հակառակը, կարող ա որոշեն՝ ներկենք «ռոզվի» գույնի: Այնպես որ, քաղաքապետարանը կընդունի էն ինչ կորոշի հասարակությունը»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ օրինակ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Աշխարհում չկա մի մայրաքաղաք, որի կենտրոնական հրապարակը մեկ տասնամյակում երկու անգամ հիմնովին վերանորոգեն: Նույնիսկ ամենահարուստ երկրներն իրենց նման ճոխություն թույլ չեն տալիս: Բայց դա միայն ֆինանսների խնդիր չէ: Սա ավանդույթների, քաղաքային մշակույթի, ճարտարապետության, մտածողության խնդիր է»:

Պետրոս Ղազարյանն իր գրառումն ավարտել էր հիշեցումով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում խոստանում էր Երևանի համաչափ զարգացում, «այլ ոչ կենտրոնի վերավերավերանորոգում»: Ինչը, ըստ լրագրողի, նշանակում է՝ ծայրամասերում նորմալ փողոցներ, լուսավորություն, սանիտարահիգիենիկ պայմաններ, քանի որ «Երևանը միայն տուրիստների համար չի»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ պետք է բողոքարկել մրցույթը:

Հրաչ Պողոսյանը նշեց, թե ուրիշ ժամանակ էլ Երևանի քաղաքապետարանին մեղադրում են, որ ուշադրություն չեն դարձնում հանրային կարծիքին, իսկ ի պատասխան հարցի էլ, թե քաղաքացիներից եղե՞լ են հրապարակը վերակառուցելու առաջարկներ, ասաց, որ փաստորեն եղել են, եթե նման առաջարկ է արվել:

«Ողղակի ասում են՝ բերենք մտահոգվենք՝ ինչ-որ բան պե՞տք է անել, թե ոչ ,- ասաց նա:

Հիշեցնենք, նաև որ մի շարք ճարտարապետների, այդ թվում՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար անհասկանալի են հայտարարված մրցույթի պայմաններն ու պատճառները:

Իսկ մրցութային առաջարկը հիմնավորվել էր ՝ պայմանավորված մի քանի իրողություններով:

Ըստ դրանցից մեկի՝ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, մյուսը՝ Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում «ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»:

Հրաչ Պողոսյանը ևս այն կարծիքին է, որ հրապարակ մտնող և այնտեղ կայանված մեքենաները աղճատում են դրա տեսքը:

«500 մեքենա է կանգնում, դա լա՞վ ա, իմ կարծիքով լավ չի»,- ասաց նա և ի պատասխան հարցի էլ, թե դա հնարավոր չէ՞ արգելել առանց հրապարակը վերակառուցելու, ավելացրեց. «Ո՞նց արգելես, «Մարիոթ» հյուրանոցի հյուրերի մեքենաները որտե՞ղ կանգնեն, առանց ստորգետնյա ավտոկայանատեղիի»:

Ճարտարապետը նշեց, որ հարցին պետք է հիմնավոր լուծում տալ և իբրև օրինակ բերեց մի քանի տարի առաջվա մի որոշում, երբ արգելվում էր մայրաքաղաքում ավտոտնակների կառուցումը, հետո տեսան, որ դա էլ սխալ է:

Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը կրկնեց իր միտքը. «Հանրությունը պետք է որոշի՝ պե՞տք է այս մեքենաները կանգնած մնան հրապարակում, թե ոչ։ Եթե ժողովուրդն էն կարծիքին է, որ տենց լավ է, մեքենաները թող կանգնեն, ուրեմն՝ թող կանգնեն»,- ասաց նա:

Հրաչ Պողոսյանը հայտնեց, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման համար նախահաշիվ կազմված չէ, գումարի չափ որոշված չէ: Այսինքն՝ «Եթե վերակառուցման միտքն ընդունվի», որոշվի, որ ինչ-որ բաներ պետք է քանդվեն, այդ ժամանակ էլ նախահաշիվ կկազմվի: