Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Կրասնոդար քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալեքսանդր Ատավինը, վարելով BMW մակնիշի 34 VՕ 060 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Բուլվար թաղամասից դեպի Մուշ թաղամաս ընկած ճանապարհահատվածում ավտոմեքենայով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը՝ Ա. Ատավինը, տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ատավինը ծառայում էր ՀՀ-ում ՌԴ Զինված ուժերի դիվիզիայում, կոչումով ավագ լեյտենանտ էր։