Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր աշխատանքի չի գնացել, այս մասին Tert.am –ին ասաց մարզպետի գործավարուհին:
Նշենք, որ մեր զանգի պահին աշխատանքի վայրում չէին նաև մարզպետի տեղակալներ Արա Դոլունցը և Վաչե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ շաբաթ կեսգիշերին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանութան, Արտակ Բուդաղյանի և Նիկոլայ Աբրահամյանի հրազենային վնասվածքներ ստանալու փաստով հարուցված է քրեական գործ(ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը), որը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն:
Երեկ Սուրեն Խաչատրյանը հրավիրվել է Ոստիկանության Գորիսի բաժանմունք և բացատրություն տվել իր տան հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի հարցն այսօր պետք է լսվեր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, սակայն Tert.am –ին կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այսօր որևէ նիստ նախատեսված չէ, և ԳՄ նիստերը, սովորաբար,լինում են հինգշաբթի օրերին: