«Երկրում ընդհանուր մթնոլորտը կրիմինալ է և սա կարող է, թե՛ ռազմական ակադեմիայում դրսեւորվել, և թե՛ մանկապարտեզում: Ամենուրեք հարցերը այդ կերպով են լուծվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Վերջինս խոսքով՝ Գորիսում կատարված միջադեպի նման հանգուցալուծումը բոլորի համար էլ ակնհայտ էր. «հարցերը լուծվում են այս ձևով, ընդ որոմ տնտեսական հարցերը։ Հայաստանում իշխանության են գալիս օրենքը շրջանցելու համար»,- նշեց բանախոսն ու հավելեց, որ եթե օրենքը գործեր, ապա Գորիսում կատարված սպանության համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր արդեն ձերբակալված պետք է լիներ
«Ինչ-որ ծաղրածու դարձել է մարզպետ։ Պարտադիր չէ, որ պետք է ծաղրածուն ծիծաղեցնի մարդկանց, նա իր կերպարով է ծաղրածու ու դեռ նման հայտարարություն է անում, որ ժամանակավորապես թողնում է իր լիազորությունները նման անգրագետ տեքստով»,- ասաց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ հանցագործը պետք է բանտ նստի և եթե փոքր հանցանքը կանխվեր մեծ հանցանք չէր լինի:
Երգիչ-երգահան Վահան Արծրունին էլ իր հերթին ասաց, որ երկիրը կառավարելու համար խելք է պետք, իսկ մեր երկիրը երբեք չի կառավարվել, կառավարման հիմքում օրենքն է և ոչ դեկլարատիվ, օրենքը պետք է գործի, որպեսզի բոլոր ոլորտները ծառայեն իրենց բուն նպատակին:
«Կառավարական կրիզիս է, նրանք վաղուց սպառել են իրենց իշխելու հնարավորությունը»,- ասաց Վահան Արծրունին:
Ռուբեն Բաբայանն էլ կարծիք հայտնեց, որ մեր երկիրը պետք է փոխվի կտրուկ և հեղափոխական ձևով: