«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տարածել են հաղորդագրություն, որում գրված է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Գործի նկարագրություն

Շուրջ մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը՝ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել է գրեթե 60 տարի առաջ, ենթարկվում է հիմնական փոփոխման, ոչնչացման եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ պատշաճ կարգով չի արձագանքում այս ապօրինությանը:

Երեւանի Փակ շուկայում կրկին շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքներն ընթանում են վերգետնյա հատվածում, որոնք, սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է, ապօրինի են: Երեւանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում ապօրինի շինարարություն իրականացնողին երկու անգամ՝ 14.03.2012 եւ 08.01.2013թթ., ենթարկել է վարչական պատասխանատվության:
Սույն թվականի մայիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ և կոչով. մեջբերում եմ՝ «Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը: Կոչ ենք անում պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու եւ մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»։

Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել էր քաղաքապետարանին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար:

Սույն թվականի մայիսի 22-ին ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց, որ Երեւանի Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված են:
Սակայն մինչ օրս ոչ միայն չի ապամոնտաժվել ապօրինի կառուցված ավելորդ հատվածը, հուշարձան-շենքը ոչ միայն չի բերվել նախկին տեսքի, այլ նաեւ այսօր էլ շարունակվում է ապօրինի շինարարությունը:

Իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման պատճառով Փակ շուկան շարունակում են աղավաղել՝ շինաշխատանքների կեղծ ու ձեւական դադարեցումների, վարչական տույժերի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Հասարակության շրջանում տարածված զանգվածային անվստահությունը ՀՀ իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ ավելի է խորանում հատկապես, երբ տեղի ունեցող հանցագործությունները ուղղված են հասարակական կարգի եւ բարոյականության դեմ:
Երեւանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն՝ ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երեւանի պատմության անբաժանելի մաս: Փակ շուկայի կառուցապատողին, ով մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով, շինության կառուցումը չդադարեցնելու եւ անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակությանը, որն, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը:

Երեւանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից՝ սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը եւ քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարմանը:

Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմնավորում

Փակ շուկայի կառուցապատողը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել.

• ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված՝ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում՝ պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:

• ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում՝ ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցը չքանդելը եւ 315'2 հոդվածի խախտում՝ շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ համապատասխան ընթացք տալ հաղորդմանը և արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով հայտնել ինձ:

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով»։