«Վերքն է ցավում, գնդակը որտեղից հանել ենք, այդ մասն է ցավում:
Ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, կարևորը չունենք վատացում, ընդհակառակը, հիվանդը դեպի լավն է գնում, կա աննշան դրական դինամիկա: Այսօր օրինակ փորձել ենք նստացնել, իհարկե, թույլ է դեռ ինքը: Իսկ վաղը նույնիսկ կփորձենք քայլեցնել: Ավելին՝ մոտակա 2-3 օրվա մեջ կտեղափոխենք համապատասխան բաժին, պալատ: Ինչ վերաբերում է հոսպիտալից դուրսգրմանն, ապա այդ մասին դեռ վաղ է խոսելը»,- Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանը:

HayNews.am-ի հարցին՝ գնդապետ Բուդաղյանը հետագայում կարո՞ղ է լիարժեքորեն անցնել զինվորական ծառայության, Սևակ Շահբազյանն արձագանքեց. «Այո, նորմալ ծառայության հետագայում նա կարող է անցնել»:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը հաստատեց վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանի բժշկական տեսակետը:

«Բժիշկները գործ են ունեցել հրազենային մեկ վնասվածքի հետ: Վիրահատության ընթացքում պարզվեց, որ գնդակը մնացել էր լյարդի մկանների մեջ: Ինչպես արդեն նշվեց՝ գնդապետի վիճակը դեռ կայուն-ծանր է գնահատվում, սպասում ենք դրական դինամիկայի, և նա շարունակում է մնալ մեր հսկողության տակ և ստանում հետվիրահատական պլանային բուժում: Հոսպիտալ բերվելուց նա եղել է գիտակցության մեջ և ոչ մի պահի այն չի կորցրել, բայց բժշկական տեսանկյունից ճիշտ չէ, որ նրա մոտ շատ մարդիկ մտնեն և, որ նա ցուցմունք տա:Հիմնականում կնոջ հետ է խոսում, նրան այցելել է նաև զինդատախազը: Կարևորը, որ մենք նրանք առողջ կտեսնենք՝ ուժեղ տղամարդ է, ուժեղ հայ սպա, նա շուտով կվերականգնվի, իսկ հոսպիտալում էլ կան գնդապետի բուժման համար բոլոր անհրաժեշտ պայմանները և արտերկիր տանելու հարց չի լինի»,- հավելեց փոխգնդապետ Ասատուրյանը:

HayNews.am