Հուլիսի 2-ից 5-ը Երևանում կանցկացվի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողով: Երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահները, տասնյակ երկրների ՍԴ նախագահներից, Մարդու իրավունքների պաշտպաններից, նախարարներից կազմված ներկայացուցչական պատվիրակություններ:
Այս մասին ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի կողմից համատեղ կազմակերպված այսօրվա սեմինարի ժամանակ հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՍԴ նախագահը տեղեկացրեց նաև, որ, Երևանում կայանալիք խորհրդաժողովի շրջանակներում, հուլիսի 5-ին տեղի կունենա «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը: Գիրքը 19 երկրների ներկայումս մեծ ճանաչում ունեցող 24 սահմանադրագետների համատեղ նախաձեռնության արդյունք է:
Գրքում Գ.Հարությունյանի ներկայացրած «Սահմանադրությունը և սահմանադրականությունը նոր հազարամյակի սահմանադրական մշակույթի համատեքստում» գիտական վերլուծությունը վերաբերում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման հիմնախնդիրներին:
Նա հավելեց, որ այսօրվա սեմինարի հրավիրումը պայմանավորված է Երևանում համաեվրոպական խորհրդաժողովի անցկացմամբ, նաև «մեր իրավական անգրագիտությամբ, որը դրսևորվում է համատարած»: «Ես վերջին 10-15 տարում փորձում եմ համառորեն հասկացնել բոլոր մակարդակներում, որ անգրագիտություն է իրավական առումով իրավունքի գերակայության սկզբունքը օրենքի գերակայության հետ շփոթելը»,-ընդգծեց Գ.Հարությունյանը՝ հավելելով, որ «սրան մեծապես նպաստում են մեր լրագրողները՝ տեղի-անտեղի օրենքի գերակայության այդ թեզն առաջ տանելով, և ավելի շատ մեր թարգմանիչները»:
«Եթե մենք խոսում ենք իրավունքի գերակայության մասին, անմիջապես պետք է նկատի ունենանք այն բացառիկ կարևոր պարագան, որ կա ինչ-որ բան, որն ամեն ինչից վեր է և դրանով սահմանափակվում է իշխանությունը: Եթե մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին, երբեք մենք չենք խոսում իշխանության սահմանափակման մասին, որովհետև այդ օրենքը նույնպես ծնում է իշխանությունը և այդ օրենքը, ըստ էության, քաղաքական կամքի որոշակի դրսևորում է. հավաքվում է պառլամենտը, մեծամասնությամբ քվեարկում է, ընդունում օրենք և մենք պետք է ապրենք այդ օրենքով: Այդ օրենքը կյանքի ճանապարհ կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ այդ օրենքի հիմքում դրված է օրենքի գերակայության սկզբունքը»,-ընդգծեց ՍԴ նախագահը:
Ըստ նրա՝ օրենքը չի կարող սահմանափակել իրավունքը, այլ կոչված է իրավունքի միջոցով սահմանափակել իշխանությունը: «Եթե մենք սա կարողանանք հասկանալ, դարձնել օրինաստեղծի, իրավակիրառի, հարաբերությունների վարքագծի կանոն, այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ մոտենում ենք իրավական պետություն կառուցելուն»,-նշեց ՍԴ նախագահը: