Վայոց ձորի մարզի բնակիչներ Հովհաննես Հովսեփյանին և Էդգար Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն: Շինությունն այս դեպքում համագյուղացի Էդգար Մելքոնյանին պատկանող անասնագոմն է, իսկ գողոնը՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ գառ:
Քրեական գործը հարուցվել և սկզբնապես ընդունվել էր ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սարգսյանի վարույթ, սակայն ավելի ուշ այն փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Մ. Շահգալդյանի վարույթ այն պարզ պատճառով, որ կասկածյալներից մեկը՝ Էդգար Զաքարյանը ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության համակարգի աշխատակից է, աշխատում է ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատում որպես հրշեջ: Իսկ մյուս կասկածյալը՝ ՀՀ ԶՈւ պահեստազորի շարքային Հովհաննես Հովսեփյանը 13.09.2011թ. մինչև 31.10.2012թ. հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռ.Պապոյանի նախագահությամբ, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում հաստատված է համարել այն, որ հրշեջ, ամբաստանյալ Էդգար Զաքարյանը 2012թ. հունիսի 29-ի երեկոյան այցելել է քրեական գործով մյուս ամբաստանյալ, իր ընկեր, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ Հովհաննես Հովսեփյանի տուն: Զրույցի ժամանակ վերջինս Էդգար Զաքարյանից պարտքով 20.000 ՀՀ դրամ է խնդրել' բանկում ունեցած վարկը մարելու համար: Վերջինս պատասխանել է, որ գումար չունի, պայմանավորվել են միասին գառ գողանալ, միսը վաճառել և ստացված գումարով մարել վարկը: Գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալուց հետո, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, 2012թ. հունիսի լույս 30-ի գիշերը' ժամը 00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Էդգար Զաքարյանն ու Հովհաննես Հովսեփյանը դուրս են եկել վերջինիս տնից, քայլելով հասել են նույն գյուղի բնակիչ, քրեական գործով տուժող Էդգար Մելքոնյանի անասնագոմի մոտ: Հովհաննես Հովսեփյանն արձակելով Մելքոնյանի անասնագոմի դռան մետաղալարը՝ բացել է դուռը, միասին ապօրինի մուտք են գործել ներս, որից հետո Հ.Հովսեփյանը կանգնել է անասնագոմի մուտքի դռան մոտ' որ մնացած անասունները դուրս չգան, իսկ Էդգար Զաքարյանը ոտքից քաշելով դուրս է հանել 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ գլուխ գառ, շալակել է այն և հեռացել են: Հովհաննես Հովսեփյանն ու Էդգար Զաքարյանը գնացել են նույն գյուղում գտնվող վերջինիս նախկին տուն, որտեղ էլ մորթել են գառը, որից ստացվել է 13 կգ միս: Սակայն միսը չեն կարողացել վաճառել, պարզվել է, որ անասունը դեղնախտով հիվանդ է եղել: Ապա ընկերները հանդիպել են տուժողի եղբորը՝ Մայիս Մելքոնյանին, խոստովանել են կատարած գողությունը, ներողություն խնդրել և խոստացել են վնասը վերականգնել՝ խոստումը կատարվել է. տուժող կողմը հայտնել է, որ Հովհաննես Հովսեփյանն ու Էդգար Զաքարյանը վերականգնել են իրենց պատճառված վնասը, նրանց նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի:
Ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Էդգար Զաքարյանը՝ ոչ: Դատարանն առավել արժևորել է ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանի ցուցմունքը, քանի որ դրանում նշված փաստական տվյալները հաստատվել են դատաքննությամբ հետազոտված, գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Այդ առումով դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալ Էդգար Զաքարյանի ցուցմունքն այն մասին, որ նա գողության կատարմանը չի մասնակցել, դրան դեմ է եղել, անասնագոմ մուտք չի գործել: Դատարանի համոզմամբ, ամբաստանյալի կողմից իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալը նրա կողմից քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանի խնամքին են նրա մանկահասակ երկու երեխաները՝ 6 և 10 տարեկան, և կինը, նա ընդունել է, որ հանցագործություն է կատարել ու դրա համար անկեղծորեն զղջացել: Ամբաստանյալ Էդգար Զաքարյանի խնամքին են նրա կինն ու երկու անչափահաս երեխաները՝ 3 և 10 տարեկան:
Հիմնվելով վերոհիշյալի վրա՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված երկու հիմնական պատժատեսակից' տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկման ձևով' երկուսից հինգ տարի ժամկետով, նախընտրել է պատիժը տուգանքի ձևով:
Այսպիսով, դատարանը հունիսի 3-ի դատավճռով Հովհաննես Հովսեփյանին և Էդգար Զաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի 500.000-ական ՀՀ դրամի չափով: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը նրանք պետք է վճարեն 125.000-ական դրամ: