Irakan.info. Այն, որ Հայաստանում վարկերը տրվում են բարձր տոկոսադրույքներով, ու դա աշխատում է ի վնաս շարրքային քաղաքացուն, վաղուց գիտեինք, բայց պատկերացնում եք, եթե այդ մասին արդեն խոսում են ՀՀԿ-ականները, դա նշանակում է, որ կամ վերջիններս իրենք էլ դրանից օգտվելու մեծ նկրտումներ ունեն, այսինքն իրենց համար են անում, կամ արդեն մարդիկ այնքան վատ են ապրում, որ իրենց հարստության հեռավոր բարձունքներից նույնիսկ իրենք են դա տեսնում, կամ էլ երկուսը միասին:

Այն, որ բանկային համակարգն ապրում է միայն իրենց համար հասկանալի ու անհրաժեշտ չափանիշներով, պարզից էլ պարզ է: Միայն փաստը, որ ԿԲ-ում հասարակ մաքրուհիներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան, օրինակ, բժիշկը, նշանակում է, որ բանկային համակարգը միանգամայն շվեյցարական կարգավիճակում է գտնվում:

Իհարկե, խոսքը մասնավորապես ու հատկապես Կենտրոնական բանկի մասին է, քանի որ մյուս բանկերում, իրականում, աշխատակիցները բավականին ցածր աշխատավարձ են ստանում: Ինչեւէ, լայն հաշվով ներկայիս բանկային համակարգը վերածվել է ֆեոդալական մի երեւույթի, որի հետ առնչվողը առնվազն պետք է պատրաստ լինի ինքնակամ թալանվելու:

Դե, տեսեք, ինչի է նման է 24% վարկը, ինչի է նման բանկերի միակողմանի քաղաքականությունը՝ հօգուտ միմիայն իրենց, ինչի է նման գյուղացուն այսքան բարձր տոկոսադրույքով վարկեր տալն ու ստիպելը, որ տոկոսները մարի՝ հաշվի չառնելով, թեկուզ կարկուտը, ցրտահարությունը եւ այլն:

Իհարկե, Տիգրան Սարգսյանը լավ չի պատկերացնում՝ ինչպես կարող է մարդիկ չկարողանան 24 % վարկ վճարել, ինչպես պատկերացնի, 24 % -ն ինչ է որ, բայց պատկերացրեք մեկին, որ ստանում է, օրինակ,120.000 դրամ եւ պետք է վճարի 24 % հարկ ինչ-որ առիթով վերցրած վարկի համար: Նկատի ունեցեք, որ մեր համաքաղաքացիներից շատերը վարկ վերցնում են ոչ թե հենց բիզնես ծրագիր իրականացնելու համար, քանի որ բիզնես սկսելը շարքային քաղաքացու համար ուղղակի երազանքի պես մի բան է (դարձյալ հակային բեռի, կաշառակերության ու մենաշնորհային կարգավիճակների պատճառով), այլ շատ հաճախ վարկ վերցնում են սովորական, կենցաղային հոսերը հոգալու համար. հարսանիքի, բժշկի, գյուղացին՝ բերքի, ու եթե, կոնկրետ գյուղացու դեպքում, հանկարծ բերքը կարկտահարվում է, տվյալ մարդը կանգնում է բանկի վարկերի առաջ՝ ինչպես դատապարտյալը դահճի:

Այո, հնարավոր է՝ Հերմինե Նաղդալյանն առաջին հերթին իր համար է մտահոգվում՝ խոսելով վարկերի բարձր տոկոսների մասին, սակայն գոնե ՀՀ շարքային քաղաքացին այդ տոկոսների ցածրացումից հաստատ կշահի: Բացի դա, կարծում ենք՝ այս պատգամավորներն այնքան փող ունեն, որ կարող են իրենց թույլ տալ 24 տոկոսով վարկ վերցնել, այսինքն դրա՝ մի երկու տոկոս նվազումը կենսական անհրաժեշտության օգնություն չի լինի իրենց բիզնեսներին. շատ ունեն, փոխարենը թեկուզ այդ մի երկու տոկոս նվազումը միանգամայն կենսական նշանակության կարող է լինել հենց սովորական, բենթլիներ չունեցող, համեստ աշխատավարձով ապրող մարդու համար, հատկապես որ հիմա այնքան վատ են ապրում մարդիկ, որ չնչին օգնությունն էլ միանգամայն տեղին կլինի:

Անի Ալավերդյան