Lragir.am. Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հարցին՝ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի փոփոխության կապակցությամբ, որը պատգամավորը տվեց հղում անելով մամուլի հրապարակումներին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հետաքրքիր պատասխան է տվել:
Նա ասել է, թե մինչեւ նախարար նշանակվելն ինքն էլ համոզված էր, որ մամուլը օդից վերցրած հրապարակումներ չի անում, բայց նախարար դառնալուց հետո անձամբ իր փորձով է համոզվել, որ լինում են այդպիսի հրապարակումներ:
Փաստորեն Հրայր Թովմասյանի տեսապատկերում բավական փոփոխություններ են եղել նախարար դառնալուց հետո: Թեեւ իհարկե զարմանալի չէ, որովհետեւ նույնը կարելի է ասել հասարակության տեսապատկերի մասին: Հրայր Թովմասյանի նախարար դառնալուց հետո ահագին փոխվել է նաեւ հասարակության տեսապատկերը:
Օրինակ, եթե մինչեւ նախարար դառնալը գրեթե ոչ ոք, կամ ընդամենը քչերը կմտածեին, որ իրավաբան Հրայր Թովմասյանը կարող է տարբեր հարցերի շուրջ նույն կերպ «օդ տատանել», ինչպես տատանում էին եւ տատանում են այսպես ասած քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, ապա նրա նախարար դառնալուց հետո շատերն են երեւի թե համոզվել այն բանում, որ տարբեր հանրային հարցադրումների շուրջ նրա պատասխանները թե իրենց բովանդակությամբ, թե փիլիսոփայությամբ ոչնչով չեն տարբերվում այն պատասխաններից, որ հնչեցնում են քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները:
Օրերս ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ դիմելով իշխանության այսպես ասած ինտելեկտուալ թեւին, այդ թվում Հրայր Թովմասյանին, ասել էր, թե նրանք առանց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ի զորու չեն լինի թեկնածություն դնել եւ ընտրվել պատգամավոր. «Տղերք, ձեզ դալաններում կծեծեն, եւ դուք կարտագաղթեք այս երկրից», ասել էր Վահան Հովհաննիսյանը:
Ի պատասխան դրան, Հրայր Թովմասյանը ասել էր, մի քանի օր անց, թե ցավում է, որ Վահան Հովհաննիսյանի նման ինտելեկտուալ պատգամավորը ծեծից է խոսում:
Եվ Հրայր Թովմասյանն իրավացի է, որովհետեւ ինտելեկտուալը պետք է ծեծից չխոսի, այլ պետք է ծեծի՝ ջուր, եւ որքան հնարավոր է շատ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ