Lragir.am. Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված վերջին շրջանում քննարկումները հաճախակի դարձան: Ամուլսարը պղնձով, կապարով, ոսկով հարուստ միջավայր է, որի շահագործումը միաժամանակ կարիք կունենա ջրային մեծ պաշարների օգտագործման: Բնապահպաններն այս հարցում բավական մեծ ակտիվություն դրսևորեցին, խնդիրը բերելով հանրային քննարկման մակարդակ: Արքայազն Չարլզի այցն էլ Հայաստան քննարկվում էր նաև այս կոնտեքստում, չնայած Բրտիանական կողմը հերքեց Չարլզի այցելության ամուլսարյան նպատակը:
Չարլզի այցը սակայն ցույց տվեց այն հստակ արտահայտվող տենդենցը, որի մասին խոսվում էր այցելությունից բավական առաջ, դեռևս նախագահական ընտրություններից հետո, երբ Բրիտանական կողմը անսովոր ջերմ շնորհավորանքներ ուղարկեց Սերժ Սարգսյանին, մեկը Լոնդոնից, մյուսն էլ դիվանագիտական բարձր այրերից մեկի միջոցով անձամբ՝ Երևանում: Տենդենցը՝ հայաստանյան հանքարդյունաբերության, ընդերքի ինտեգրումն է միջազգային բիզնես-քաղաքական շրջանակների շահերի շրջանակում:
Սա հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտում նոր փուլ է, թեեւ դրսի կապիտալի կողմից տեղական ընդերքի շահագործման փաստը նոր չէ, հայաստանյան հանքերն առանց այդ էլ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից են գործարկվում: Խնդիրն այն է, որ այս հարցերը զուտ բիզնես շրջանակներից, զուտ ներքին օլիգարխիկ մոնոպոլիաների խնդրից դուրս են գալիս և դառնում քաղաքական խնդիր:
Հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ չէ, ու եթե այս մակարդակում այն սկսի ինտեգրվել բիզնես-քաղաքական խոշոր շահարկումների մեջ, թափանցիկության հույս ընդհանրապես կարող է չլինել: Տեղական խոշոր մոնոպոլիաների դեմ ներքին ռեսուրսներով հնարավոր է հաջողությունների հասնելը:
Մյուս կողմից, կա իշխանության լեգիտիմության խնդիր, ու այդ լեգիտիմությունը Արևմուտքը պատրաստ է տրամադրել, հատկապես հայաստանյան ընդերքի հանդեպ իր հետաքրքրությունները հաշվի առնելով: Միաժամանակ, ընդերքի շահագործման խնդիրը առաջնային է տնտեսության համար, բայց ինչպես ու ինչ շահերի հիմքով՝ անհայտ է: Այդ շահերը ներքին Հայաստանյա՞ն են, թե ոչ: Արդյոք դա արտահայտվում է միայն իշխանության, կամ միայն քաղաքացիական փոքր խմբերի կողմից: Հանրային շատ մեծ արձագանք կարծես թե այս հարցում դեռևս չկա էլ: Քաղաքական ուժերն էլ կամ չեն անդրադառնում այս խնդրին, կամ էլ վերաբերում են ՝ քեշ փող աշխատելու, կամ լեգիտիմության դիմաց ինչ որ բաներ զիջելու կոնտեքստում:
Այս իրավիճակում դժվար է ասել, թե ով կհաղթի: Իշխանությունը փաստացի հանքարդյունաբերությունը դիտում է պարզունակ շահագործման տեսանկյունից, հանրության միայն որոշակի փոքր հատվածներ են շահագրգռված այս հարցում: Քաղաքացիական հատվածն ասում է՝ չեք շահագործելու, իշխանությունն ասում է՝ շահագործելու ենք: Մյուս կողմից, կա բիզնես-քաղաքական համաշխարհային պրակտիկա, որը Հայաստանի ներսում դիմադրության օջախների բացակայության դեպքում կկարողանա արագորեն նվաճել ընդերքը:
Հանքարդյունաբերությունը կարծես դառնում է դրսի հետ մեր հարաբերությունների ցուցիչը, թե իշխանության լեգիտիմության, թե դրսի ՝ մի կողմից մատուցվող քաղաքացիական, մյուս կողմից՝ շարունակվող տնտեսական էքսպանսիայի տեսանկյունից: Սա նաև կարևոր փաստ է այն մտայնության կոնտեքստում, թե Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ միայն «բարի» նպատակներ է հետապնդում:
Մյուս կողմից, փաստացի հայաստանյան ընդերքի հանդեպ եղած մոտեցումները բավարար չեն ոչ միայն դրանց շահագործման, այլ դրանցով արտաքին քաղաքական հարաբերություններում մանևրելու համար, հանրության մի փոքրիկ մասն է միայն մտահոգված այդ հարցով, իշխանության վարքն էլ արդեն հայտնի է այս հարցում: Քաղաքական մյուս ուժերն այս հարցին չեն անդրադառնում, իսկ զուտ քաղաքացիական ըմբոստությունը բավական քիչ է հարցին քաղաքական, հրապարակային երանգ տալու համար:  

Լեւոն Մարգարյան