Քաղաքական վերջին անցուդարձերի, քաղաքական դաշտում տիրող պասիվ իրավիճակի մասին ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, Հայաստանում մեկ տարի տևած ընտրական գործընթացները մեկ անգամ ապացուցեցին, որ այդ ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ: Ըստ Ձեզ՝ փոփոխությունների հասնելու համար ի՞նչ է պետք անել:
-Ի սկզբանե չեմ համաձայնի այն պնդման հետ, որ Հայաստանում որևէ բան չփոխվեց, գուցե շարքային քաղաքացու համար դա առայժմ տեսանելի չէ, բայց շատ լուրջ ներքին քաղաքական տեղաշարժեր տեղի ունեցան, որոնք էապես ազդելու են հաջորդ մի քանի տարիների մեր ընդհանուր կյանքի վրա: Չեմ ուզում այդ տեղաշարժերը միանշանակ գնահատել, դրանք շատ լուրջ ռիսկեր են պահանջում մի կողմից, բայց նաև պարունակում են հնարավորություններ ամբողջ երկրի համար, բայց իրավիճակն այնպիսին է, որ այսօր երկրի համար լիարժեք ու ամբողջական պատասխանատվությունը կրում է պարոն Սերժ Սարգսյանը՝ իր թիմակիցների հետ միասին:
-Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում որքանո՞վ են մեղավոր ընդդիմադիր քաղաքական ուժերը:
-Եկեք որևէ մեկին մեղավոր չանվանենք ու չհորջորջենք, կան, իհարկե, անհատներ և քաղաքական ուժեր, որոնց գործելակերպը, մեղմ ասած, և՛ բարոյական չէ, և՛ քաղաքական չէ: Լիարժեք պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների վրա է, բայց այդ թիմում է և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն, որոնք այժմ լիարժեք կարող են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք ընդդիմադիրի դիրքերից, բայց նրանք, ըստ էության, պատասխանատու են այդ եռյակով:
-ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականությանն ի՞նչ գնահատական կտաք:
-ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն ՀԱԿ-ի օրինակով, այլ խնդիր է, որ քաղաքական մոտեցումները և քաղաքական ուժերի գործունեությունը փոքր- ինչ այլ արտահայտչաձևեր են ակնկալում և, դառնալով քաղաքական մենաշնորհի տերը, այս երեք կուսակցություններն անխուսափելիորեն պետք է ձեռնամուխ լինեն իրենց ներքին որակական փոփոխության գործընթացը սկսելուն, քանի որ մինչև աշնան վերջ կարող է վրա հասնել քաղաքական մի ճգնաժամ, որից դուրս գալը շատ դժվար դառնա:
-Ի՞նչ գնահատական կտաք ՀՀ կառավարության գործունեությանը:
Ես գտնում եմ, որ առաջիկա կես տարվա ընթացքում պետք է լինեն լուրջ արմատական փոփոխություններ, դա պարտադիր չէ, որ լինի վարչապետի մակարդակում, բայց այն, որ Կառավարության կազմն էական փոփոխությունների պետք է ենթարկվի, ես դրանում վստահ եմ, բայց ամենակարևորը՝ պետք է հստակ նոր ուղենիշներ ներկայացվեն հանրությանը, որովհետև մարդ փոխելով չէ, որ մենք պետք է արդյունքի հասնենք, մարդիկ կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է համակարգը, որի շրջանակներում այդ մարդիկ պետք է կառավարմամբ զբաղվեն:
Էմմա Պալյան