Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ՝ խոստանալով վերջիններիս մրցույթի կարգով ձեռքբերել ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներ: Գործը վարույթ է ընդունել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի' Արշակ Աբրահամյանը, 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. ապրիլի վերջերին ներկայանալով որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակից, չարաշահելով Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Այգեհովիտ, Խաշթառակ, Սևքար գյուղերի մի շարք բնակիչների վստահությունը, Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետությունից ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներից 4-ը համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին մրցութային եղանակով վերջիններիս իրացնելու պատրվակով, նրանցից խաբեությամբ հափշտակել է գումարներ: Բացի այդ, Ա.Աբրահամյանը, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ, մեծ քանակությամբ ցորեն գնելու և վերը նշված ընկերությանը իրացնելու պատրվակով, ըստ նախաքննական մարմնի, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող' 3936860 ՀՀ դրամ արժողությամբ 29 տոննա ցորեն: Արշակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: