Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում շարունակեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Այս պահին հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Նախօրեին, վերջին նիստում ներկայացնելով նախագիծը՝ Ս. Կարայանը հայտնեց, որ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Չեն ընդունվել, մասնավորապես, ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկները, որոնք բխում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության առաջարկից: Այն է՝ օրինագծում կատարել լրացում, ըստ որի կրթական հաստատությունը ծրագիրը 10 տարվա ընթացքում կիրականացնի «Միջազգային կրթության ընդհանուր միջազգային հավաստագիր» և «Միջազգային բակալավրիատ» դիպլոմային ծրագիր կրթական համակարգերի հայերեն թարգմանությունը և տեղայնացումը, այդ համակարգերը կառավարող միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրումը և ներմուծումը որպես կրթական ծրագրեր Դիլիջանի միջազգային դպրոցում ՀՀ քաղաքացի ազգությամբ հայ ուսանողների համար:

Մերժելով այս առաջարկը՝ կառավարությունը նշում է, որ «շահագրգիռ է երկրում իրականացվող կրթական բարեփոխումների համատեքստում լավագույն միջազգային փորձի տեղահնացման և տարածման մեջ»: Գործադիրը նշում է, որ միջազգային կրթական ծրագրերով ուսանելու հնարավորություն ունեցող աշակերտների շրջանակն արդեն իսկ սահմանված է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներով, հետևաբար՝ այդ առաջարկությունը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի կարգավորման առարկա չէ:

Ինչ վերաբերում է միջազգային հանրակրթական ծրագրերի թարգմանությանն ու տեղայնացմանը, ապա կառավարությունը արդեն իսկ սկսել է բանակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ: Ըստ Ս. Կարայանի՝ այս տարվա աշնանը նախատեսվում է բանակցությունները շարունակել Հոլանդիայի ռեգիոնալ գրասենյակում: