«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» նախագծի շրջանակներում իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանությունները, ունեցած ելույթները, կատարած գործողությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած բոլորին լավ հայտնի օֆշորային սկանդալի հետ: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ պատգամավորի, ծրագրի իրագործումը սկսվել է ավելի վաղ և հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու նախապայմանն ի սկզբանե չի եղել: Ն.Փաշինյանի համոզմամբ, այժմ փոխվել է մեկ բան. «կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական տեղապահ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Աշոտ Սուքիասյան անունով ոմն գործարար 10 մլն դոլար է «քցել», կներեք այս բառի համար, Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկին»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանը, ով «Ամերիա» բանկի խորհրդի նախագահն է, նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի նախաձեռնողն է:
«Ուրեմն՝ այս նախագիծը, որ մենք քննարկում ենք , քննարկում ենք կոռուպցիոն սկանդալի ուժով»,-հայտարարեց Ն.Փաշինյանը:
Ընդգծելով, որ ինքը դեմ է քվեարկել նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում, հայտնեց, որ դեմ է քվեարկելու նաև երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ:
Ըստ Ն.Փաշինյանի, իր համակրանքը Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ինքը չի ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը վճարի «քցողների» փոխարեն և
անթույլատրելի է համարում նման օրենքի ընդունումը, քանի որ այն փաստացի լույս է վառում «քցողների համար»:
«Այս քննարկումը ինձ հիշեցնում է հանրահայտ «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Անհավանական հեքիաթներ և պատմություններ եմ լսում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: